Վերջին երազը

Posted: Февраль 6, 2014 in Uncategorized

 Պիես մեկ գործողությամբ։
 Երկար միջանցք` լի բազմաթիվ դռներով։ Միջանցքի մի մասից լսվում են ձայներ, որոնք հեռվից մոտենում են։ Քայլեր, քայլեր, սակայն ոչ ոք չի հայտնվում։ Հանկարծ քայլերից մեկն ուժասպառ է լինում, ընկնում։ Մյուս քայլերը կանգ են առնում։ Ձայն է լսվում։
 -Վե՛ր կաց, կանգնի՛ր, համարյա հասել ենք։
 Տնքոց, կրկին քայլեր։ Հեռվից ստվերներ են երևում, նրանք ուղեկցում են քայլերին։ Հայացքներ, որոնցից մեկը տարբերվում է մյուսներից։ Հոգնածություն, դժգոհություն, թախիծ. այս ամենը ամփոփված է մի հայացքի մեջ։ Դռներից մեկի մոտ քայլերը կրկին կանգ են առնում։ Կրկին ձայն է լսվում։
 -Վե՛րջ, հասանք։
Չխկչխկոց, որին հետևում է բութ խլրտոցը։ 
 -Ահա՛, անցի՛ր ներս։
 Թախծոտ հայացքի վրա հայտնվում է անորոշություն, այն մեկ ետ է նայում, մեկ՝ դռնից այն կողմ։ Վազքի ձայներ են լսվում, նրա հետ հեռանում է հայացքը։ Կոշտ բղավոց:
 -Բռնե՛ք դրան։
 -Չէէէ՛…
 Պատանդ։ Չէէէ. երազ էր, ինչ ահավոր էր, բայց, միևնույն ժամանակ, ինչ հաճելի էր, ես կարողանում էի քայլել, վազել, գոռալ, շարժվել, իսկ հիմա, հիմա ես մի տախտակ եմ, որը նույնիսկ խոսելու կարողություն չունի։ Ի՜նչ տարօրինակ զգացողություն է, միգուցե մահացե՞լ եմ, գուցե սա դրա՞խտն է: Ո՛չ, դրախտում դու ազատ ես, այնտեղ հավերժ վայելում ես կյանքը, հավիտենական կյանքը… ապա որտե՞ղ եմ ես, դժոխքու՞մ, բայց նույնիսկ դժոխքի համար այս ամենը չափից ավելի է։ Ամեն դեպքում, եթե ես գոնե մտածելու կարիք ու հնարավորություն ունեմ, ուրեմն ես ինչ-որ չափով գոյություն էլ ունեմ։ Իսկ, միգուցե այս ամենը նու՞յնպես երազ է, այո, շատ դաժան երազ, որին ես զոհ եմ գնացել և պիտի անհապաղ արթնանամ, իսկ եթե իրականությունն ավելի սարսափելի լինի, քան այստե՞ղ, եթե այնտեղ, իրական կյանքում ես երանի տամ երազիս, ինչպես հիմա եմ տալիս, ես վախենում եմ արթնանալ։
 Ա՛խ, գրողը տանի, ոնց է ցավում, բոլորովին մոռացել էի թիկունքիս ցավի մասին, արդեն համակերպվել էի։ Ուրեմն սա է իրականությունը, սա երազ չէ, այլապես չէի կարող ցավ զգալ։ Տեղանքը նույնպես չի փոխվել, այն այնպիսին է, ինչպես դեռ ութ օր առաջ էր` պատերը, առաստաղը, դուռը, հատակը և անցքը, որի միջից արտացոլվում է արևի շողը, թե՞ լուսնի։ Իսկ մորուքավորը՞, նա ու՞ր է, կարծես այն պատի մոտ պառկածն է, որն այլևս… Ծերուկի բախտը բերեց, նա շուտ ազատվեց տանջանքներից, մնացի ես։ Մի րոպե, այս ի՞նչ ծանոթ ձայներ են դռան ետևից, թըխկ, թըրըխկ, քայլեր, իսկ ու՞ր մնաց, ահա և մեղմ սուլոցը, որը գնում է այնտեղ, ուր գնում են քայլերը, բայց նրանց ձայնակցում է մի ուրիշ ձայն, որն ավելի հեռվից է լսվում, սուր հարված է, հարված, ճիչ, կրկին հարված, ճիչն ավելի է սաստկանում, կրկին հարված, բայց ճիչը թուլանում է… հազ, հեծկլտոց, կրկին հազ, կորան… մնացին սուլոցն ու քայլերը, բայց հեռվից նույնպես քայլեր են լսվում, նրանք մոտենում են, կրկնապատկվում, եռապատկվում, սուլոցը նույնպես անհետացավ… հևոց, քայլերի մի մասը կորավ, իսկ մյուս մասը հստակ հեռացավ… կրկին լաց, բայց այս անգամ դռան ետևից, չխկչխկոց, վերացավ, բութ խլրտոց… դուռն է…. բացվեց։
 Պահակ։ Ներս անցի՛ր, այստեղ էլ կմնաս, մինչև, չես նեխի։
 Պատանդ 2։ Խնդում եմ, ինձ բա՛ց թողեք, խղճացե՛ք, չէ, մի՛ գնացեք, մի՛ փակեք, մի՛ թողեք ինձ այստեղ մենակ։ Այստեղ ինչ որ մեկը կա՞, կենդանի շունչ չկա՞, դե՛, ինչ-որ մեկը, մի րոպե, դո՛ւ, այո՛, հենց դու, դու թարթեցիր, ես տեսա դա, լսու՞մ ես, սպասի՛ր, հիմա կմոտենամ. լսու՞մ ես ինձ, խնդրում եմ, գոնե խոսի՛ր, մի բան արա, դուրս գանք այստեղից։
 Պատանդ։ Զուր ես չարչարվում, դու օգնություն ես խնդրում մեկից, ով նույնիսկ խոսելու ուժ չունի և բացի թարթելուց ու մտածելուց, ուրիշ ոչինչ չի անում, ով ապրում է իր կյանքի վերջին պահերը, րոպեներն ու վայրկյանները։ 
 Պատանդ 2։ Աստված իմ, դու մեռածից ոչնչով չես տարբերվում, հե՜յ, ձայնեք ինչ-որ մեկդ, ինչ-որ մեկը։ Ես մեղավոր չեմ, ինձ բա՛ց թողեք, աղաչում եմ, հանե՛ք ինձ այստեղից…
 Պատանդ։ Կրկին քայլերն ու սուլոցը, ոնց եմ նախանձում մեռածներին, ոնց եմ ուզում կրկին քնել, կրկին ազատ լինել, ևս մի երազ տեսնել, բայց ցավը թույլ չի տալիս։ Գրողը տանի, ցավն ուժեղացավ, ամբողջ մարմինս ցավում է, իսկ այս ցուրտը… որտեղի՞ց այն հայտնվեց, ի՞նչ ցուրտ է և ի՞նչ շոգ է միաժամանակ: Ցավն ավելի սրվեց, էլ չեմ դիմանում, ամբողջովին քրտնել եմ, քայլերը վերածվեցին դմբդմփոցների, սուլոցը` մրրիկի ձայնի, իսկ ցավը….. այն վերջացավ, չկան նաև շոգն ու ցուրտը, ի՞նչ, անցքը մեծանում է, այն կորավ պատերի ու առաստաղի հետ, իսկ դուռը….. դուռը պոկվեց, կորավ, հատակն այլևս չկա, բայց ես չեմ ընկնում, շուրջ բոլորս գնալով լուսավորվում է, ձայների դանդաղ անկում, չափից շատ լուսավոր է, ոչինչ չեմ տեսնում, իսկ մի՞տքս… այն լքում է ինձ, այն թևեր է ինձ տալիս ու…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s