Կարդիոգրամմա

Posted: Март 13, 2014 in Uncategorized

Ցերեկ էր, երբ ես նստած էի պատուհանի մոտ և դուրս էի նայում։ Ուշադիր զննում էի տեղանքը։ Իսկ տեղանքը արևոտ էր, աղմկոտ, լի մարդկային բազմությունով։ Թեև ես իմ բնակարանում էի և գիտեի՝ ինչպիսին է լինում մթնոլորտը դրսում տարբեր օրերին, այնուամենայնիվ, այս անգամ ամեն ինչ շատ էմոցիոնալ էր։ Ես որոշեցի, որ պիտի դուրս գամ, լիցքաթափվեմ, հասկանամ շրջապատը։
Վերելակն աշխատում էր, երբ ես հասա նրա մոտ, սակայն աստիճաններն ինձ գրավեցին։ Ես սկսեցի հատել աստիճանները՝ մեկ դանդաղ, մեկ՝ արագ։ Երբ հասա չորրորդ հարկ, ինձ տարօրինակ թվաց այն, որ այստեղ ոչ ոք չէր բարձրանում: Մինչև չորրորդ հարկ վերելակը չէր սպասարկում, բայց դրսում այնքան շատ մարդ կար։ Երրորդ հարկից ձայն գրեթե չէր լսվում, իսկ երկրորդից նույնիսկ շշուկ չկար։
Երբ ես վերջապես դրսում էի, նկատեցի, որ արդեն իրիկնամուտ է, սակայն դա ինձ այնքան էլ չզարմացրեց, քանի որ աստիճանները հաղթահարելու ընթացքում ես շատ բաների մասին էի մտածել, և տնից մինչև բակ հասնելը ինձ ահագին երկար թվաց։ Ինձ զարմացրեց այն, որ դրսում չկար ոչ մի շունչ, առավել ևս ձայն։ Ես դանդաղ սկսեցի շրջել բակով մեկ և դուրս եկա փողոց։ Փողոցում նույնպես շարժվող ոչինչ չկար։ Ես դուրս եկա փողոցի մեջտեղ և հենց մեջտեղով սկսեցի քայլել։ Քիչ հետո նկատեցի, որ իմ քայլերը միայնակ չեն։ Ես կանգ առա, բայց քայլեր չկային։ Շարունակեցի քայլել, իսկ այն քայլերը, որոնք լսվում էին մինչև իմ կանգ առնելը, կրկնապատկվել էին։ Կրկին կանգ առա, և մնացած քայլերը նույնպես կանգ առան։ Ես սկսեցի քայլել, և ինձ հետ եկան այն կրկնապատկված քայլերը` արդեն քառապատկված վիճակում։ Ես անվերջ քայլում էի, իսկ քայլերը գնալով ավելանում էին։
Ես շատ հոգնած էի, երբ նկատեցի փողոցի երկայնքով շարված նստարաններ, որոնք հաջորդում էին իրար։ Նստեցի առաջին պատահած նստարանի վրա, որը մի տեսակ այս ու այն կողմ էր ճոճվում, սակայն քայլերը կանգ չէին առնում։ Ես արմունկներս դրեցի ծնկներիս և երեսս հենեցի ափերիս։ Քայլերի ձայներն ինձ շշմեցնում էին։ Քիչ անց ես զգացի, որ քայլերը վերածվում են փնչոցների, որոնք էլ ինչ-որ ռիթմ են ստեղծում, որը նախկինում շատ էի լսել։ Աչքերիս առջև մթնեց, ինձ մի պահ թվաց, որ տանն եմ, հետո փնչոցների ներքո ճոճվելով՝ բացեցի աչքերս։ Ես գտնվում էի նստարանի վրա նույն դիրքով, ինչպես սկզբում էի նստած, դիմացս նույնպես նստարաններ կային, սակայն դատարկ չէին, դրանց վրա էին նրանք, ում ես ցերեկն արդեն տեսել էի, և եթե այն ժամանակ նստարանն էր ճոճվում, ապա հիմա մենք էինք ճոճվում նստարանների վրա։ Մենք գտնվում էինք ինչ-որ խցիկում, որն առաջ էր մղվում մթության միջով։ Հենց իմ նստարանի մոտ ապակուց մի դուռ կար, որի վրա գրված էր՝ «Չհենվե՛լ»։ Ես հասկացել էի, թե որտեղ եմ, բայց ինչպե՞ս էի այստեղ հայտնվել։ Կողքիս մի կին կար նստած, որը ծեր չէր, սակայն երիտասարդ լինելու համար էլ արդեն ուշ էր։ Նա ուշադիր ինձ էր նայում սառած հայացքով, առանց որևէ պատճառի։ Ես նույնպես նայեցի նրան, սակայն երկար չկարողացա դիմանալ նրա բռի ու կոպիտ տեսքին և հայացքս թեքելով մնացածի կողմը՝ նկատեցի, որ բոլորը շվարած հայացքներով նայում են ինձ նայող կնոջը։ Փնչոցները դանդաղեցին, սկսեցին ցածրանալ, և նրանց միացավ մի ուրիշ ձայն, որը նման էր հազարավոր ջութակների դանդաղ մեղեդու, որը մի պահ թափ հավաքեց, իսկ հետո սկսեց փնչոցների նման դանդաղ սպառվել։ Ես հասկացա, որ շուտով կանգ կառնենք։ Հանկարծ լսեցի կոկորդային ձայնով անհասկանալի բառեր, որոնք նույնքան անհասկանալի տեղից էին սկիզբ առնում։ Քարո՞զ, աղո՞թք, թե՞ անեծք էր սա, դա ես չկարողացա ընկալել։ Սակայն դա երկար ընթացք չունեցավ։ Երբ մենք կանգ առանք, վերջին անգամ փնչոցները միահամուռ ձայն հանեցին, ինչից հետո վագոնի դռները բացվեցին։ Այստեղ նույնպես տարօրինակ մի բան կար. մեր կայանման վերաբերյալ ոչինչ չասվեց, իսկ վագոնից դուրս գտնվող պատերի վրա գրված էր՝ մեկ, ինը, մեկ, յոթ։
Դռները բաց սպասում էին, սակայն ոչ ոք դուրս չէր գալիս։ Իմ դուրս գալուց մի քանի ակնթարթ հետո դռները փակվեցին, փնչոցներն ասես կյանք առան, և վագոնն արագ անհետացավ մթության մեջ։ Ես կրկին մենակ մնացի։ Իմ ձախ կողմում, քիչ հեռու մի թերթի կրպակ կար։ Ես մոտեցա կրպակին։ Կրպակի մոտ մի ծերունի էր նստած` սև կոստյումով, առանձնահատուկ սև կոշիկներով, որոնց վերևից երևում էին սպիտակ գուլպաները։ Սակայն ամենից շատ ուշադրություն էր գրավում նրա երկար, գլանաձև գլխարկը, որը տեսել եմ միայն ներկայացումների ժամանակ` դերասանների գլխին։ Ես որոշեցի մի թերթ վերցնել, միգուցե թերթերում ինչ-որ բան ասվեր, որն ինձ պետք կգար։
-Ինձ վերջին տպված թերթերից տվեք,- ասացի ես։
Ծերուկը դանդաղ վեր կացավ, իր փոքրիկ աթոռակի ետևից վերցրեց ձեռնափայտը, որը ես չէի նկատել նախկինում, մտավ կրպակ, մի թերթ վերցրեց, զննեց և կրպակի պատուհանից փոխանցեց ինձ։ Ես թերթը վերցրեցի և սկսեցի փնտրել նորություններ։ Հենց առաջին Էջի վրա մեծ տառերով գրված Էր` «Ցարը գահընկեց եղավ»։ Ես սկզբում շատ չզարմացա. չէ՞ որ վաճառականը մի ծերուկ էր: Նա, հավանաբար, ինձ սխալ էր հասկացել, կամ էլ թերթն ընտրելիս ուշադիր չէր եղել, ուստի ես նորից ասացի.
-Դուք ինձ սխալ հասկացաք, ես ամենավերջին թերթերից եմ ուզում։
Ծերուկը վերցրեց ինձանից թերթը, կրկին զննեց, փոխանցեց ինձ և ասաց։
-Այս թերթն առավոտյան եմ ստացել, ավելի նորը չկա։
Այս խոսքերից հետո ես հասկացա, թե ինչ էր նշանակում պատի վրայի մեկ, ինը, մեկ, յոթ-ը, իսկ ավելի ճիշտ` հազար ինը հարյուր տասնյոթը։
Հեռվից կրկին փնչոցներ լսվեցին։ Ես թերթը գցեցի և վազեցի կայարանի մոտ։ Մթության միջից արդեն երևում էին վագոնի լույսերը, որոնք ի վերջո հասան ինձ` իրենց հետ բերելով վագոնը։ Դռները բացվելուն պես նկատեցի, որ այնտեղ գտնվողները բոլոր նրանք են, ովքեր դեռ առաջին վագոնում էին՝ ճիշտ նույն դիրքով, նույն տեղում։ Երբ մտա վագոն, բոլորն արագ դուրս եկան և գնացին դեպի ելքը։ Մնաց միայն ինձ նայող կինը, որն այս անգամ գլուխը կախել էր։ Ես գնացի և նստեցի նրա դիմաց գտնվող նստարանին։ Դռները փակվեցին, և վագոնն առաջ ընկավ։ Ես ուշադիր ուսումնասիրում էի կնոջը։ Նրա մեջ տեսա ինչ-որ ծանոթ բան, որն սկզբում չէի նկատել։ Հիշեցի, որ տեսել եմ նրան պատուհանից, երբ նա դրսում մրգեր և բանջարեղեն էր գնում։ Ես նաև նկատեցի նրա կողքին դրված մոդայիկ, գովազդային ապրանքանիշերով տոպրակները, որոնք լի էին ինչ-որ բանով, հավանական է՝ հենց մրգերով ու բանջարեղենով։ Փնչոցները գնալով արագանում էին։ Այնպիսի տպավորություն էր, կարծես թմբուկներն արագ-արագ թմբկահարում են։ Այդ ձայներից իմ մոտ ննջելու ցանկություն առաջացավ։ Փնչոցներն այնքան էին արագացել, որ առաջացրել էին ձայնավորներ, որոնք դանդաղ, իրար հաջորդելով փոփոխվում էին։ Սկզբում լսվում էր օօօ, հետո` էէէ, դրանից հետո՝ ուուու, հետո կրկին՝ օօօ և այլն։ Կարծես մի ամբողջ երգչախումբ էր երգում` առանց մենակատարի։ Ինչևէ, ես արդեն աչքերս փակել և գրեթե չէի լսում ոչինչ։ Ինձ մի պահ թվաց, որ ես պառկած եմ, ոչ թե նստած։
Հանկարծ սուլիչի կարճատև սուլոց լսեցի։ Ես բացեցի աչքերս։ Ամեն ինչ նույնն էր։ Ոչինչ չէր փոխվել, բացի նրանից, որ կինն այլևս չկար և տոպրակները՝ նույնպես։ Կրկին աչքերս փակեցի, փորձեցի հանգստանալ։ Ես զգացի, որ փնչոցները, որոնք արդեն ձայնավորների էին վերածվել, ուժեղացան, լղոզվեցին, մի տեսակ խլացնող հատկություն ձեռք բերեցին, ինչին կրկին հետևեց սուլիչի ձայնը, սակայն այս անգամ՝ ավելի հստակ, ավելի երկարատև ու ծղրտուն։ Ես սթափվեցի, սակայն ես վագոնում չէի։ Ես նստած էի նստարանին, որն այս անգամ ավելի հանդիսավոր տեսք ուներ։ Շուրջ բոլորս նմանատիպ նստարաններ էին, բոլորն էլ զբաղեցրած, ի դեպ, ետևիս նստարանները դեպի վեր էին տանում, իսկ դիմացիններս` ներքև։ Մենք գտնվում էին ինչ-որ ձվաձևի ներսում, որի վերևից երևում էր լուսավոր, բայց ոչ արևոտ երկինքը։ Ներքևում կանաչ հարթավայր էր` դաշտ։ Դաշտում ինչ-որ մարդիկ էին վազվզում, կանգ առնում, կրկին վազվզում այս ու այն կողմ, ինչ-որ բանի ետևից։ Նրանք, հավանաբար, մարզիկներ էին։ Դաշտի ծայրամասերում երկու դարպասներ կային, ամեն մեկի դիմաց մի մարզիկ էր կանգնած։ Նրանցից մեկն, ում մասում ավելի քիչ մարզիկներ կային, հանգիստ հետևում էր մնացածին, իսկ մյուս մարզիկն, ում մոտ մեծ իրարանցում էր սկսվել, ծնկները կիսածալված, ձեռքերը լայն բացած՝ սրտատրոփ այս ու այն կողմ էր ցատկոտում, անհանգիստ թպրտում։ Հանկարծ նա կտրուկ մի շարժում արեց, երկու ձեռքը ձիգ պահեց, ոտքերով հրեց իրեն դեպի աջ այնպես, որ կողքով ընկավ գետնին։ Հենց ընկնելու պահին, նրա ձգած ձեռքերի վերևով անցավ ինչ-որ բան, որից հետո ձվաձևում բոլոր գտնվողները միահամուռ գոչեցին մի քանի անգամ՝ «Գոլ», իսկ դրանից հետո շարունակեցին անհասկանալի խլացուցիչ ձայներ արձակել։ Ես նոր հասկացա, որ գտնվում էի տրիբունայում, քանի որ այդ ամենը այնքան կարճ տևեց, որ ես չհասցրեցի ընկալել միջավայրը։ Ես նույնիսկ չէի նկատել, որ բոլոր ֆուտբոլիստները միատեսակ մարզաշապիկներով էին, կարծես մի թիմ էր խաղում միայն։ Իսկ թե ինչ թիմ էր, ես չիմացա, քանի որ նրանց մարզահագուստը ամբողջովին սպիտակ էր։
Իմ առջևում մի երկրպագու, բռունցքները սեղմած, լարված հետևում էր խաղին։ Նա հանկարծ սկսեց խոսել, երբ մի ֆուտբոլիստ գնդակը խլել էր մյուսներից և հակառակորդներին շրջանցելով՝ վազում էր դեպի դարպասը։
— Դե՛, այդպես, այո՛, ցու՛յց տուր նրանց, այո՛, խաղը քոնն է, դու կարող ես, դե՛, արա՛ դա, — ասում էր երկրպագուն, որն ասես իր խոսքերով քաջալերում էր այդ ֆուտբոլիստին։
— Դե՛, քեզ տեսնեմ, արա՛ դա, սրանց վերջը տու՛ր,- և հենց այս խոսքերի ժամանակ, ֆուտբոլիստն ասես ազդված քաջալերումից, իր ցասումն ասես թափեց հանդիսատեսի վրա։ Նա կտրուկ կանգ առավ, գնդակը թեքեց իմ կողմն ու ամբողջ ուժով հարվածեց գնդակին։ Գնդակն ասես արմատախիլ եղավ և սավառնեց ուղիղ երեսիս։ Ես սարսափահար սպասում էի, թե երբ է գնդակը երեսս բլիթի վերածելու, և երբ գնդակը բավականին մոտ էր, ու քիչ էր մնացել, որ դեմքս տապակա դառնա, այդ խլաացուցիչ ձայներն այնքան ուժեղացան, որ ասես գլխիս ինչ-որ բութ գործիքով հարվածեցին, և ես ուշագնաց եղա։ Քիչ անց ես ուշքի եկա։
Այս անգամ գտնվում էի մի սենյակում, մեն-մենակ, կրկին աթոռին նստած, պարզապես աթոռն այս անգամ առանձին էր, ինչպես մյուս աթոռները, որոնց դիմաց սեղաններ կային։ Պատուհանից երևում էր, որ առավոտ է։ Իմ դիմաց բացված գիրքն ինձ հուշեց, որ գտնվում եմ ընթերցասրահում։ Ոչ մի ձայն, նույնիսկ ճանճի տզզոց չկար այդ սենյակում, և դա ինձ շատ դուր եկավ։ Ինձ հետաքրքրեց, թե ինչ գիրք է իմ դիմաց դրած։ Այն մուգ շագանակագույն էր, մոտ հազար էջանոց։ Սկզբում ես փակեցի գիրքը, որպեսզի տեսնեմ վերնագիրը, սակայն այն ասես հղկած լինեին, այդ շագանակագույնի վրա միայն երևում էին տեղ-տեղ դեղին գծեր ու մանր ցրված կետիկներ։ Ես ամբողջ շապիկն ուսումնասիրեցի, սակայն ոչինչ չգտա։ Բացեցի գիրքն ու սկսեցի բառերի միջոցով հասկանալ բովանդակությունը, բայց այստեղ էլ բառերի փոխարեն իրար կպած անիմաստ տառեր էին։ Մի տեղ գրված էր` «սգդռֆէ», մյուսում` «անկպտտվ», մի տեղ այնքան երկար էր գրված, որ հնարավոր չէր արտասանել, և այլն…
Ես հուսահատ ծածկեցի գիրքը, հենվեցի աթոռի թիկնակին և նայելով պատուհանից դուրս՝ նկատեցի, որ երեկո է։
Այդ լռության մեջ մի ուժեղ սուլոց լսվեց, սակայն ոչինչ տեղի չունեցավ։ Քիչ անց լսվեց միանգամից չորս-հինգ սուլոց, առանց հերթականության, որից հետո, արդեն լսվեցին անթիվ սուլոցներ ու գոռոցներ, բղավոցներ, բայց տեղանքը պահպանում էր իր անառիկությունը։ Այդ ձայները նման էին բողոքի, որոնք լսվում էին դրսից։ Ես գնացի պատուհանի մոտ, և բացեցի այն։ Ձայները, պատուհանը բացելուց հետո, ավելի թարմ ու հասանելի դարձան ինձ։ Ես նկատեցի, որ փողոցի ծայրից դեպի ընթերցասրահի շենք են շարժվում մարդկային խմբեր, որոնցից շատերը զինված էին երկար ու հաստ փայտերով, երկաթի ձողերով, կրակի ջահերով, մեկի ձեռքին նույնիսկ կացին կար։ Իմ հաշվարկով, ես երրորդ հարկում էի գտնվում։ Այդ խմբերից մեկի առջևում ես նկատեցի տրիբունայում իմ առջև նստած երկրպագուին։ Թեև ես նրան դիմացից չէի տեսնում տրիբունայում, սակայն նրա տարօրինակ սանրվածքը, որը ոզնու էր հիշեցնում, ինձ օգնեց ճանաչել նրան։ Այդ տղայի ձեռքին բեյսբոլի համար նախատեսված մեծ ու հաստ փայտակտոր էր։ Խմբերը մեծ աղմուկ բարձրացնելով՝ հասան շենքի մոտ։ Նրանք ցանկանում էին ներս մտնել, սակայն դուռը կողպված էր։ Հանկարծ նրանք, ում ձեռքերին փայտեր ու երկաթներ էին, սկսեցին ուժեղ հարվածներ հասցնել դռանը, իսկ կացինով զինված անձնավորությունը առաջ ընկավ և ուժեղ գոռոցներով սկսեց կացնահարել դուռը։ Ինձ այնքան էր գրավել նրանց այդ վայրենի պահվածքը, որ ես մոռացել էի այն մասին, որ նրանք իմ ետևից են եկել։ Նրանք գազազած հարվածներ էին հասցնում դռանը։ Դուռը հանկարծ ներս ընկրկեց։ Դրսից մի թխկոց լսվեց, ներսից` դմփոց, և ամբոխը ներս թափվեց։ Ես միանգամից սթափվեցի և վազեցի սենյակի դռան մոտ։ Դուռը բացեցի և նկատեցի, որ դռնից դուրս երկար միջանցք է ձգվում։ Ձախ կողմում աստիճաններ կային։ Ես զգացի, որ ներքևի հարկերում ինչ-որ իրարանցում է, կարծես ինչ-որ մեկին են փնտրում, և այդ այդ ինչ-որ մեկը երևի ես էի։ Լսվում էին տարբեր ձայներ, բառեր, դռների դմփոցներ։ Ես դուրս եկա միջանցք և վազեցի դեպի աստիճանները՝ ավելի վերև բարձրանալու համար, սակայն աստիճանների մոտ հանդիպեցի երկրպագուին, որը վերև էր բարձրանում, նա էլ ինձ նկատելով արագ ետ պտտվեց և բարձր ձայն տվեց.
-Այստեղ, այստեղ, նա այստեղ է, իմ ետևից։
Ես արագ ետ վազեցի դեպի դուռը` հետևիցս լսելով, թե ինչպես են բոլորը սուլելով և գոչելով բարձրանում վերև և վազում իմ ետևից։ Ես մտա սենյակ, դուռն արագ կողպեցի, ինչից հետո լսվեց, թե ինչպես են նրանք ուսերով հարվածում դռանը։ Ես գնացի պատուհանագոգի մոտ, կանգնեցի՝ դեմքով դեպի դուռը։ Քիչ հետո, երբ բոլորն արդեն դռան ետևում էին, սկսվեց դրսի մուտքի դռան նույն սցենարը, սակայն այս անգամ ամեն ինչ շուտ ավարտ ունեցավ։ Դուռն անսպասելիորեն երկու կես եղավ և տապալվեց, կացնավորը առաջինը ներս մտավ, նրա հետևից բոլորն, իրար հերթ չտալով՝ ներխուժեցին սենյակ։
-Ահա նա, բռնե՛ք դրան,- գոչեց երկրպագուն և հասավ ինձ վրա, նրա ետևից էլ մնացածը։
Ես գիտեի, որ եթե ինձ նետեմ պատուհանից, տեղնուտեղը կմնամ, չնայած երրորդ հարկում էի, բայց տպավորությունս էր այդպիսին։ Սակայն, ձեռքերս, ասես բնազդաբար, հենվեցին պատուհանագոգին և վեր բարձրացնելով, ինձ նստեցրին այդտեղ։ Երկրպագուն, որն ամենքից առաջ էր անցել, համարյա հասել էր ինձ մոտ և պատրաստվում էր հարվածել, սակայն վերջին պահին ինձ կարծես ինչ-որ մեկը հրեց դիմացից, պատուհանագոգն ասես անհետացավ, և ես մեջքի վրա դուրս ընկա։ Ես սպասում էի, թե երբ պիտի ջարդուխուրդ լինեմ, բայց սպասելիքներս շատ կարճ տևեցին և նույնիսկ չարդարացրին իրենց։ Այդ ընկնելու զգացողությունն ավարտվեց, երբ դիմացս ամեն ինչ միանգամից մթնեց, ձայները լռեցին, և ես հայտնվեցի ինչ-որ փափուկ բանի վրա և ինձ կրկին թվաց, որ պառկած եմ, ինչն արագ անհետացավ` իր հետ տանելով մթությունը։ Ես ուշքի եկա։ Կրկին նստած էի աթոռին, սակայն ավելի բարձր, ավելի ճոխ, ավելի ձևավորված։ Ես գտնվում էի լուսավորված գեղեցիկ մի սրահում, որտեղ շատ գեղեցիկ նույնատիպ նստարաններ կային, որոնք դասավորված էին գեղեցիկ, շրջանաձև սեղանների շուրջը։ Սրահում բազմաթիվ մարդիկ կային, որոնք զրուցում էին, խոսում, ծիծաղում։ Իմ աթոռի առջև նույնպես սեղան կար, որի վրա մեկ տուփ անձեռոցիկ և մոխրաման կար։ Սրահի մի կողմում պատուհան կար, որտեղից երևում էր, որ դրսում մռայլ եղանակ է, անձրև է գալիս, սակայն անցորդներից ոչ ոք անձրևանոցով չէր։ Պատուհանի կողքին գեղեցիկ, զարդարված դուռն էր, որը դուրս էր տանում։ Իմ կողքի սեղանին նստած էին երկու անձնավորություն, որոնց տեսնելիս ես սարսափահար եղա. երկրպագուն էր և կացնավորը, որն այս անգամ առանց կացնի էր։ Նրանք հանգիստ զրուցում էին։ Նրանց հանգստությունից դատելով՝ նրանք հարձակվելու նպատակ չունեին, և դա ինձ նույնպես հանգստացրեց, առավել ևս, երբ կացնավորը մի պահ նայեց ինձ և շարունակեց զրույցը. դա խոսում էր այն մասին, որ նա ինձ նկատել էր, սակայն ոչինչ չուներ իմ դեմ։
-Ձեր հաշիվը,- լսվեց մյուս կողմից։ Ես շրջվեցի։ Մի երիտասարդ, նիհար տղա, որի հագուկապը բնորոշ էր մատուցողներին, ձեռքն առաջ էր պահել, որի մեջ երևի հաշվի տետրակն էր, կկոցած աչքերով նայում էր ինձ, կարծես ինչ-որ պատասխանի էր սպասում։
-Հաշի՞վը, իսկ ես ի՞նչ եմ պատվիրել,- զարմացած հարցրեցի ես` նայելով սեղանին։
-Դուք ոչինչ չեք պատվիրել,- ասաց տղան,- ձեր հաշիվը,- կրկնեց նա և տետրակը դրեց սեղանին։
Այս պատասխանը, որը տարօրինակ բնույթ էր կրում, ինձ համար դարձել էր սովորական երևույթ, ուստի ես չվիճեցի նրա հետ և սկսեցի փնտրել գրպաններս, սակայն դրանք դատարկ էին։
-Բայց ես գումար չունեմ,- ասացի ես։
-Այդ դեպքում ինչ-որ բան պատվիրեք,- հանգիստ պատասխանեց մատուցողը։
-Ախր նոր ասացի, որ գումար չունեմ,- ասացի ես։
Մատուցողը նույն հանգստությամբ ասաց,- ես լսեցի, դրա համար էլ ասացի, որ ինչ-որ բան պատվիրեք։
-Մեկ րոպե,- զարմացա ես,- եթե ես ինչ-որ բան պատվիրեմ, ապա ձեզ ոչինչ չե՞մ վճարի։
-Ճիշտ այդպես,- պատասխանեց մատուցողը։
Այս անգամ ես ցնցված էի։ Վճարել այն բանի համար, որ ոչինչ չես պատվիրել և վճարից ազատվել, եթե ինչ-որ բան ես պատվիրում։
-Ես սուրճ եմ ցանկանում,- ասացի ես, իսկ ինչու՞ հենց սուրճ, որովհետև ես չգիտեի սրճարանում եմ, ռեստորանում, թե՞ ճաշարանում, ուստի պատվիրեցի այնպիսի բան, որը կկարողանայի պատվիրել երեք տեղերում էլ, հետո էլ, ինձ այնքան չէր հուզում այն հարցը, թե ինչ պատվիրեմ, կարևորը պատվիրելն էր։ Մատուցողը գրառելով դա՝ ինձ հարց տվեց։
-Ուրիշ ոչինչ չե՞ք ցանկանում։
-Ոչ, շնորհակալություն,- պատասխանեցի ես, և մատուցողն անհետացավ ինչ-որ դռների ետևում, որոնք գտնվում էին դրսի դռան հակառակ կողմում։ Դրանց հետևում, հավանաբար, խոհանոցն էր։ Շատ կարճ ժամանակ անց մատուցողը վերադարձավ սուրճի հետ միասին։ Նա իմ սեղանին դրեց ջրով լի մի բաժակ, որի երեսին լողում էին սուրճի հատիկները, որոնք նույնիսկ աղացած չէին։
-Սա իմ սու՞րճն է,- հարցրեցի ես։
-Այո,- ասաց մատուցողն ու հեռացավ։
Ես շատ զայրացած էի այդ տարօրինակ սուրճի պատճառով, սակայն կարևորը պատվիրելն էր, և ես կարող էի ոչինչ չվճարելով՝ դուրս գալ։ Մեկ անգամ ևս նայեցի այդ՝ այսպես ասած սուրճին, ու վերջնականապես հիասթափվելով՝ որոշեցի դուրս գալ, սակայն այդ պահին ինձ մոտեցավ մի թմբլիկ մեծահասակ մարդ, որը նույնպես մատուցողի հագուկապով էր, մի տետրակ մոտեցնելով ինձ, ասաց։
-Ձեր հաշիվը։
-Ես արդեն պատվիրել եմ,- ժպտալով ասացի ես։
-Ես տեսնում եմ, դրա համար էլ ասում եմ ձեր հաշիվը։
-Բայց ինձ ասացին, որ չեմ վճարի, եթե ինչ-որ բան պատվիրեմ։
-Ինչ-որ բան պատվիրելու դեպքում դուք չեք վճարի այն տղային,- հանգիստ ասաց թմբլիկը` մատով ցույց տալով նիհար մատուցողի կողմը և ավելացրեց,- ինձ վճարում եք ինչ-որ բան պատվիրելու համար, բայց չեք վճարի, եթե սպառեք պատվերը։
-Շատ բարի,- ասացի ես, և վերցնելով բաժակը, սկսեցի ըմպել նրա միջի ջուրը, իսկ հատիկները, որոնք ջրի հետ միասին անցել էին բերանիս մեջ, պարզապես կուլ տվեցի։
-Ահա, ես ըմպեցի ամբողջ սուրճը,- դժգոհ տոնով ասացի ես, քանի որ շատ զայրացած էի։
-Բարի ժամանց,- ասաց թմբլիկն ու հեռացավ։
Նրա հեռանալուց անմիջապես հետո եկավ տկար մատուցողն ու տետրակը մեկնելով ինձ, ասաց։
-Ձեր հաշիվը։
-Ի՞նչ հաշիվ, գրողը տանի, չէ՞ որ քիչ առաջ պատվերս բերեցիք և ասացիք, որ կարող եմ չվճարել,- ասացի ես՝ այս անգամ ցույց տալով զայրույթս։
-Բայց դուք սպառեցիք այն, դուք պետք է վճարեք,- ասաց տկարը` ուշադրություն չդարձնելով իմ զայրույթին և այնպիսի տպավորություն էր, կարծես այստեղ նման դեպքերը շուտ-շուտ են կրկնվում։
-Բայց ես ստիպված ըմպեցի սուրճը, որպեսզի չվճարեմ ձեր մյուս մատուցողին,- արդարացա ես։
-Այդ դեպքում դուք ինձ պետք է վճարեք։ Մյուս մատւցողին վճարում եք, երբ ինչ-որ բան եք պատվիրում և չեք սպառում այն։ Նրան չեք վճարում, երբ սպառում եք պատվերը, կամ ընդհանրապես ոչինչ չեք պատվիրում։ Իսկ ինձ վճարում եք, երբ ոչինչ չեք պավիրում, կամ պատվիրելու դեպքում սպառում եք պատվերը, տվյալ դեպքում սուրճը, այժմ ստիպված չէիք լինի վճարել, եթե չխմեիք սուրճը,- հանգիստ բացատրեց տկարը։
Ես հազիվ էի զսպում ինձ։ -Բայց ես միևնույն է գումար չունեմ, որ վճարեմ, -ասացի ես։
-Այդ դեպքում ինչ-որ բան պատվիրեք, ասաց մատուցողը` չկորցնելով հանգստությունը։
Ես էլ չդիմացա։ — Դուք ինձ ծաղրու՞մ եք, ի՞նչ է…. ի՞նչ հիմար օրենքներ են այստեղ, վճարում եմ քեզ, եթե չեմ պատվիրում, վճարում եմ մյուսին, եթե պատվիրում եմ։ Իսկ ձեր սուրճը անտանելի համ ունի, և ես շատ դժգոհ եմ ձեր սպասարկումից։ Ես հրաժարվում եմ վճարել,- բացականչեցի ես` ձեռքս իջեցնելով սեղանին։
Բայց տղան լուռ ինձ էր նայում` առանց որևէ բան ասելու։ Դա ինձ հունից հանեց, ու մոտս սկսվեց ուժեղ գլխապտույտ, որը գնալով՝ սաստկացավ։ Աչքերիս դիմաց սկսեց խամրել, իսկ այն ձայները, որոնք սրահից էին գալիս, սկսեցին կորչել, անհետանալ, նստարանն էլ ասես չքվեց։ Ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէի լսում, միայն զգացի, որ պառկած եմ մեջքի վրա՝ ինչ-որ փափուկ բանի վրա։ Խավարի մեջ սկսեցի պատկերներ տեսնել։ Իմ գլխավերևում՝ պատի վրա շատ դանդաղ ճոճվում էր ապակյա գնդիկներով ձևավորված ջահը, ձախ կողմումս պատ էր, առջևումս` մի մեծ խորանարդ, իսկ երբ նայեցի աջ, տեսա՝ քիչ հեռու գրասեղան է։ Ես հասկացա, որ տանն եմ, իմ սենյակում, իսկ այն մեծ խորանարդը պահարանն էր։
«Ուրեմն այս ամենը երազ էր», մտածեցի ես։ Փոքր-ինչ պառկած մնալուց հետո, դանդաղ վեր կացա մահճակալից և դուրս եկա սենյակից դեպի հյուրասենյակ։ Հյուրասենյակում ես ուզեցի ճշտել ժամը. ժամացույցը իմ սենյակի դռան առջևի պատին էր գտնվում, սակայն ոչինչ չտեսա, քանի որ շատ մութ էր։ Ես ենթադրեցի, որ դեռ ուշ գիշեր է, որովհետև, բացի մթությունից, ես ինձ այնքան էլ առույգ չէի զգում։ Ինձ մոտ մի տեսակ ցանկություն առաջացավ գնալ խոհանոց, սառնարանից մի բան վերցնել, կարևոր չէր, թե ինչ, ինչ-որ բան ուտել, խմել այն, ինչ կգտնվեր սառնարանում։ Ես գնացի խոհանոց, վառեցի լույսը։ Լույսը վառելու պահին զգացի, որ ուժասպառ եմ լինում։ Մոտեցա սառնարանին, սակայն զգացի, որ ավելի թույլ եմ, ձեռքերս ի զորու չեմ շարժել։ Հետո զգացի ուժերի կտրուկ անկում, ու երբ դա հասկացա, նկատեցի, որ սառնարանը դանդաղ շուռ է գալիս ինձ վրա։ Փորձեցի շրջանցել սառնարանը, սակայն ես շատ դանդաղ էի շարժվում։ Ուժերը լքում էին ինձ։ Սառնարանն արդեն պետք է դիպչեր և վայր գցելով ինձ, ճզմեր… այդ ժամանակ ես կուրացա ու որոշ ժամանակ կորցրեցի մտածելու ունակությունս։ Թե որքան ժամանակ ես չմտածեցի, այդպես էլ չիմացա։ Դա նման է այն բանին, երբ երեկոյան պառկում ես քնելու և առանց երազ տեսնելու արթնանում՝ հասկանով, որ արդեն առավոտ է։ Ոմանց այդ ընթացքը մի ակնթարթ է թվում, ոմանց` ավելի երկար, իսկ ոմանք ինձ նման չեն կարողանում չափել դա։ Երբ իմ մտածելու ունակությունը վերադարձավ, ես սկսեցի նաև տեսնել։ Իսկ առաջինը ես տեսա մեկին, ում նախկինում տեսել եմ արդեն, և ում ներկայությունը ինձ հունից հանել էր։ Դա կրկին տկար մատուցողն էր, որն ուշադիր ինձ էր նայում։ Իսկ ես գտնվում էի նույն սրահում՝ նստած նույն աթոռին։ «Ուրեմն ես դեռ երազի մեջ եմ»,- մտածեցի ես և որոշեցի ձեռքս կմճթելով՝ արթնանալ։ Սակայն, երբ փորձեցի ձեռքս առաջ բերել, զգացի, որ այն չեմ կարող շարժել։ Այն մի քիչ առաջ եկավ և կրկին ետ գնաց։ Ես ուզեցի լեզուս կծել, սակայն նույնիսկ դա էր իմ ուժերից վեր։ Բայց այդ զգացոդությունը կորավ, երբ ես շատ շուտ կորցրեցի տեսնելու ու մտածելու հնարավորությունները, որոնց ձգձգումը ես կրկին չզգացի։ Ես արթնացա։ Նստած էի իմ տան խոհանոցում` սեղանի առջևի աթոռին, ուշ գիշեր էր։ Ես հենց սկզբից հասկացա, որ սա երազ է, սակայն այն տարբերվում էր մյուսներից, այն բոլորովին ուրիշ էր։ Մյուս երազներից այս երազը տարբերվում էր նրանով, որ ես միայն դիմացից էի տեսնում ինձ։ Դա մոտ երեք մետր հեռավորությունից էր։ Դիմացից ես միայն ինձ տեսնում էի, սակայն մտածում էի նստածս տեղից։ Այդ զգացողությունը դժվար է բացատրել։ Ես միայն նստած էի և գրեթե չէի շարժվում։ Ես միայն մտածում էի։ Մտածում էի վաղվա օրվա մասին։ Այդ ամենը այնքան հետաքրքիր էր, որ երազն ինձ համար իրականության էր վերածվել։ Ես երկար ժամանակ մտածում էի, և եթե իրականում դա տևեց մի քանի վայրկյան, ապա այստեղ ես մտածեցի մինչև լուսաբաց։ Երբ արդեն երկինքն իր գույնը փոխում էր, ես հոգնածությունից ձեռքս դրեցի սեղանին և գլուխս իջեցրի նրա վրա։ Այդ պահին աչքերս փակեցի և զգացի, որ հայտնվում եմ անհավասարակշիռ վիճակում։ Սեղանն ու աթոռը առանձնացան, հեռացան։ Ես կարծես տիեզերքում լինեի։ Մարմինս իր դիրքը, անկախ ինձանից, փոխում էր։ Վերջապես հայտնվեցի մի դիրքում և այդպես էլ մնացի: Հետո բացեցի աչքերս։ Պառկած էի մահճակալի վրա՝ դեմքով դեպի պատը։ Շուռ եկա մյուս կողմ, սակայն գրասեղանն այնտեղ չէր։ Նայեցի դիմացս, սակայն պահարանի փոխարեն մի պատ էր, որին պատուհան կար։ Պատուհանից երևում էր, որ վաղ առավոտ է։ Իսկ ջահը բոլորովին ուրիշ էր։ Ես տանը չէի, բայց բնակավայրն ինձ ծանոթ էր։ Ես վեր կացա, բայց նստած մնացի մահճակալի վրա, և ինչպես շատերն են անում արթնանալուց հետո, երկու ձեռքս ձգեցի, որպեսզի առույգանամ։ Այդ պահին ես նայեցի թևերիցս մեկին և տեսա, որ հագինս իմ շորը չէ։ Սենյակում մի հայելի կար։ Մոտեցա հայելուն և նայեցի ինձ։ Իմ հագին կանացի գիշերազգեստ էր։ Արագ հանեցի այն, դեն նետեցի ու վազեցի պատուհանի մոտ։ Ես նկատեցի, որ դրսում գտնվող լվացքի պարանից իմ շորերն են կախված։ Այդ շորերը հագիս են եղել քնելուց առաջ։ Բայց չէի հիշում, թե ինչպես եմ այդ շորերը քնելուց առաջ հանել, կամ հանել եմ արդյոք, կամ ընդհանրապես քնելու պատրաստություն տեսել ե՞մ։ Սենյակի անկյունում, մի մեծ տոպրակի մեջ լիքը բուրդ էր՝ տարօրինակ ձևով լցրած, սակայն ես դրան ուշադրություն չդրարձրեցի։ Այս ամենը շատ էր նման երազի, բայց ես այդ զգացողությունը չունեի։ Լինում են երազներ, երբ սկսում ես մտածել, թե արդյոք սա երազ չէ, և ամփոփելով երազի իրադարձությունները հենց երազի մեջ, վստահ ես լինում, որ դա իրականություն է։ Ամեն դեպքում, ես լեզուս նախ թեթև կծեցի, հետո մի քիչ կոպիտ, բայց ոչինչ չփոխվեց։ Ես այլևս չարթնացա։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s