Մեր մեջքի վարագույրները

Posted: Сентябрь 19, 2014 in Uncategorized

Երբ հասկանում ես, որ լսելու ես մի անհանգիստ ճիչ, որը քեզ տանելու է դեպի երազկոտ մտքեր… երբ ուզում ես, բայց չես հասնում բարձունքին, այդ ժամանակ դու… կամ ոմանք, որոնց շարքում կարող ես դու էլ լինել… սկսում ես տեսնել, թե ինչպես է քեզ հունից հանում այդ բռի ու անտաշ ծառի ճյուղը:

Նայում ես շուրջդ լցված քարերի բազմությանը, որոնք հիշեցնում են քեզ ուշադիր զննող մարդկանց՝ չթաքցնելով իրենց մերկությունը, ստիպում են քեզ մերկանալ….. այդ պահին դու զգում ես, լսում ես, տեսնում ես աներևակայելի մի հանդարտություն:
Հետևում ես ոչխարների հոտին, որը ոչնչացնում է իր շուրջը գտնվող լսելի երևույթները:
Շատ կարևոր է ունենալ անձնական ոտքեր. դրանք կսկսեն քեզ ենթարկվել միայն այն ժամանակ, երբ կորոշվի անպարկեշտ պատերի հետևում գտնվող աթոռների կարգը:
Մենք բոլորս հաճախ ենք միասին ծիծաղում, երբ մեզ տրված ժամանակի մեջ նկատում ենք ծանրաքարշ մեքենաների անիվների խուլ հուզմունքը: Բայց շատ ուշ ենք գիտակցում, որ այդ ամենի փոխարեն կարելի էր պարզապես լռել ու ոչինչ չձեռնարկել: Կամ, թեկուզ և հավաքվել չոր ու լքված հացազգիների շուրջն ու ժամերով նայել միմյանց: Մինչ օրս դա միակ բաղձալի վերելքն է, որին հասել են մեզնից մի քանիսը միայն:
Բացակայելով կատարված իրադարձություններից՝ ներկա ես դառնում գեղեցիկի հայտնությանը…..ծախսելով անիմաստ ժամանակ, ցանկանում ես ետ վերադառնալ և մի իրադրություն ստեղծելով` շարունակել գոյատևել: Միայն շնչելը բավական չէ, որպեսզի տեղում ցատկելով լինել ճզմված, ինչպես գարշապարը սատկած ավտոմեքենաների: Դու միայն շարունակում ես ականատեսը լինել, թե ինչպես է թղթի սովորական ելուստը հանդուրժում մայրության անպարկեշտությունը: Այդ ծանր իրադրության մեջ կարելի է անտեսել սփռոցի վրա անհետացող բաժակի կորուստը:
Այնպես է ստացվում, որ հատկապես այն կոստյումը, որը դու չես հագնում, միշտ ձեռքիդ գցած շրջում ես դատարկ փողոցներով, որոնց ասֆալտը հալվում է քո ներկայությունն իր վրա կրելուց…… ծնկներով…. դադարում ես ցանկալի լինել լվացարանում գտնվող կեղտոտ ափսեների համար, դու այլևս դարձել ես զզվելի ու անհետաքրքիր անհույս ոռնացող մի շիշ: Դու կարծում ես, որ ունես ընտրության հնարավորություն, բայց ամեն դեպքում, անկախ քո ընտրությունից, դու ստիպում ես ոմանց ևս կանգնել ընտրության առջև, իսկ մյուսները սկսում են քեզ վերաբերվել, ինչպես հորիզոնին, որը կուրացել է մայրամուտից: Վերջիվերջո սկսում ես ապրել առանց մտածելու: Դու դարձյալ ցանկանում ես շրջապատված լինել քարերով, որոնք մարդկանց նման են, սակայն այս անգամ քո մերկությունը քեզ չի ձանձրացնում. նույնիսկ ստիպում է ցատկել ամենափրչոտ ժայռերի վրա, իսկ վերջում տարածվել երջանիկ ժամանակի մեջ, ինչպես ավազին ընկած, շնչահեղձ լինող, բայց մեզ համար կարևոր պատմություններ պատմող այն խոսող ձուկը, որի մասին ոչոք ոչինչ չգիտի:
Նրանք, ովքեր հանում են իրենց կոշիկները՝ անմիջապես ծովի մոտ թարթելով աչքերը…. հետո, ասես մի ձեռքով շոշափելով պայուսակի մեջ գտնվող անդունդի բարձունքները, իսկ մյուսով փակում հորանջող բերանը….պառկած, փռված աշնանային փտող տերևների նման, նրանք դադարում են տնքալ և դառնալով անապատի եզրին երգող մոլախոտ՝ քարացած սպասում են բնության պարգևին, որը ստանում է շառաչուն ապտակի տեսք և շարունակում է որոնել պատուհանների դիմաց կռկռացող թռչուններին…..հեռվում՝ բլուրների հետևում:
Երբ երկաթգծերի վերքերը հրաժարվեն լռել և սկսեն խոսել իրենց ուռած երակների սև մթությունից, տախտակների հիասթափված խլրտոցները կմխրճվեն մեր ականջների մեջ`թմբկաթաղանթին հարվածող անզուսպ մուրճերի նման: Օրվա յուրաքանչյուր պահը իր մեջ կպահի մեր մաշված զգացմունքները, իսկ ճեղքերը, որոնք առաջացել են երկնքում վազելուց, կկարողանան պայքարել իրենց ճնշված հռհռոցի դեմ, ավելի ու ավելի մեկուսանալով` չորացած կրակի պես:
Դու պառկած ես ձեռքերդ տարածած և զգում ես, թե ինչպես է ինքնագոհ և սփրթնած օձը, կախվում լուսամփոփի զարդերից և փսխում: Հանգիստ հետևում ես կարոտից նեղացած ճանապարհներին, որոնք գունափոխվում են իրենց հանդիպած թրթուրի ոտքերի տակ և չտեսնելով շարունակությունը՝ հավերժ քուն մտնում:
Ես երազում եմ նետվել մամռակալած ժայռից և զգալով սեփական մազերիս արմատները՝ նորից անտեսված լինել բմբլահան արված տանիքներում սպասող անկուշտ բորբոսների կողմից, բայց երևալ քո ճակատային մերկության մեջ, ինչպես նեխած ջրերում լողացող կոկորդիլոսը: Դու բուրում ես թռչունների անհույս ճիչերով` չցանկանալով ձգվել դեպի լողացող շրթունքներս: Մենք կբարձրանանք հարթ աստիճաններով դեպի վեր և բացելով դուռը՝ կտեսնենք արմատախիլ եղած փոթորիկը, որը սողում է մեր թարթիչների վրայով: Հետո դու կթողնես ինձ ու կվազես դեպի ճնճղուկի արհեստական բույնը, խոտերով պատված աստիճաններով ներքև և այնտեղ կգտնես քո կորցրած հանգիստը:

Հիշելով ապակյա փափուկ անցյալը՝ դու դադարում ես տեղավորվել հոսող հատակի ներքևում և ագահությամբ կուլ ես տալիս բաժակի միջի հեղուկ նստվածքը:
Մենք հենում ենք գլուխներս գնացքի նստարաններին և լսում, թե ինչպես են կակտուսի ծաղկած փշերը վերածվում տերևների և խլրտալով մտնում մեր կրծքի մեջ: Նրանք լուռ իջեցնում են մեր մեջքի վարագույրները` չդիմադրելով արմատների ցանկության անլուրջ հարվածներին:
Հաղթահարելով գայթակղիչ հայացքներից առաջացող գլխացավը՝ դու մռնչում ես…….. պարելուց հիասթափված ժանգի նման քայլում` ինչպես փոշիացող չղջիկները կեսգիշերին: Ես շարունակում եմ հիանալ քո պտտվող վարակիչ ժպիտով, ինչպես լուսինը պլոկված ծառերի վրայով վազող ձիերի դոփյուններից:
Մենք պայքարում ենք ……..դժբախտությունը ճնշող քաղցկեղի նման փորձում է անջատել մեր գրպանում մոռացված լապտերները: Խնձորը որդնել է….. դեն նետելու փոխարեն, մենք հաճույքով այն լիզում ենք` հագեցնելով ուրիշների քրքջացող ծիծաղի ծարավը: Երբեմն նկատելի է, թե ինչպես է սիրո մահճակալի քրտնած բարձից վիրավորված փետուրը կիսամերկ գլորվում աստղերի վրայով:
Ես կասկածում եմ, որ մեզ ծանոթ ժայռերի վրա քարայծները քսում են իրենց կոտոշները՝ կտրված եղունգները տաշելու փոխարեն, երբեմն, հաճույքով մեջքի վրա պառկած ……..հետևում եմ սեղանի շուրջը հավաքված զրույցներին և նախանձելով պատից կախված ժամացույցի համառությանը՝ փոշու նման մասնատվում……..մենք իջնում ենք ստորոտից՝ հրաժարվելով մեր հարթության վրա գտնվող մենությունից:
Միմյանց նայելով, ճանճի աչքերի մեջ, դու սկսում ես քեզ տեսնել չանդրադարձնող հայելու հայացքում:
Տրվում ենք քամու հոսանքին, մրջյունները հոգնում են քայլելուց և չցանկանալով տեղափոխել մեզ՝ թողնում են վերմակի տակ պառկած…..նրանք շարունակում են պահել իրենց կախարդվածությունը կորցրած գորտի պես:
Արդեն վեցերորդ անգամն է, ինչ քնած ստվերները հավաքվում են խոնավ խարույկի մոտ և կոկորդային ձայնով երգում ամենաբարձր սարերի աղոթքները…….քո կարծիքով նրանք տառապում են հեռացող հայացքների ոտնաձայներից: Դու նորից պատրաստ ես մխրճվել նեղ անդունդների մեջ, ամպերի ետևում, դուրս չգալով կամ մինչև կյանքիդ վերջ մնալով քաղաքում, որը զզվանքով տեսել է, թե ինչպես են անշարժացած ցորենի հասկերը նորից ճոճվում մեր մազոտ դաշտերում:
Դու արհամարհում ես ամենապարզ երկրաչափությունը՝ սեղանի լայնությունը և երկարությունը, միայն շարունակելով չափագրել պտտվող սղոցների երաժշտական շառավիղը:
Ահա և պայթում են առաստաղին կառչած անձրևի կաթիլները՝ այրելով երկնքում ճախրող թիթեռների սիմետրիկ թևերը……..շնչելով և արտաշնչելով կործանվող ծովերի և մարտնչող խեցգետինների առավոտը: Մեզ հարազատ մարդիկ թախիծով նայում են, թե ինչպես են արևածաղկի հատիկները բացվում վարդի կոկոնների պես՝ ստիպելով տեսնել արածող կատվի ետևից դուրս եկող արևածագը, որը մոխրագույն է ընդմիշտ:
Նրանք ասում են, որ կսկսվեն նոր ընդմիջումներ, ծռված թեյնիկները կհալչեն` իրենց հետ գոլորշիացնելով կռունկների լեզուները, իսկ ջրաղացի պատերը այլևս չեն հիշի իրենց ներսում գտնվող սյուների թափանցիկությունը:
Դու, մտնելով գրադարան, չես զգա իմ ներկայությունն ու հիացմունքից կկարդաս բոլոր անհետացող գրքերը:
Ազատվելու համար այս ցասումից, որոշում եմ դուրս չգալ տնից և կազմակերպել մի տհաճ խնջույք, զանգահարել բոլոր նրանց, ովքեր, համոզված եմ, որ կմերժեն ինձ այցելել…… գիշերը կնստեմ ջարդված աթոռներով լի ավերված սեղանի մոտ ու զգալով բացակայության բացակայությունը, կվերցնեմ անապատից հարբած շշերն ու կըմպեմ նրանց ողջ ցենզուրան:
Որոշ ժամանակ է հարկավոր, որ կրկին կարողանաս ձգվել և բռնել քամուց թաքնվող թառամած ծիլերը:
Պետք է կարողանալ միևնույն ժամանակ եղունգներդ սրբել և կանգնել բրդոտ ծառերի դիմաց և անտեսելով երևակայական խղճի խայթոցները՝ լսել նաև բորբոքված ճռռոցը ողնաշարի: Այդպիսով, հնարավոր է նաև ցատկել կամ սպասել բնական ուռուցիկությունների հայտնվելուն …գրկախառնվել և չընկնել գետնին գցված սրբիչի վրայից:
Շատրվանների զրնգուն վերջույթներին հպվելով՝ մենք կարողանում ենք նորից մի կարճ ժամանակով զննել միմյանց և ոչինչ չասելով՝ հեռանալ…..մեջքի վրա շուռ գալ՝ իր հանգիստը փնտրող և արդեն բյուրեղացած ճահճի թիկունքին:
Արդեն երկար ժամանակ է, ինչ ես բոլորովին մերկ սպասում եմ մեր շենքի քմահաճ վերելակին, որն այդպես էլ չի հայտնվում: Փոխարենը ինձ է մոտենում ամբողջովին սև հագուստով մեկը և ինձ հետ լուռ սպասում վերելակին: Երկար սպասելուց հետո նա տարակուսած նայում է վերելակի վառվող կարմիր լույսին և հեռանում: Հետո վերադառնում է իր նմանակների մի ամբողջ խմբով. նրանք միասին սկսում են ծիծաղել: Վերելակը չի գալիս, կարմիր լույսը շարունակում է վառված մնալ….Սև և միանման մարդիկ ծիծաղում են՝ չնկատելով իմ մերկությունը, ես շարունակում եմ սպասել և, ի վերջո, ես էլ եմ սկսում ծիծաղել` նայելով վերելակի կարմիր լույսին:
Հետո ես պատուհանի առջև եմ, իմ սենյակում, նայում եմ դուրս, գիշեր է, ինձ ծանոթ ապակե փեղկերի մեջ գիշերային երկինքն է և լուսինը, որը լողում է՝ ինչպես կործանված մի տիեզերանավ:
Դու հայացքդ թեքելով՝ նայում ես ինձ, և քո սարսափելի ժպիտից ես կորցնում եմ անքնությունից թուլացած իմ գիտակցությունը…. Հայտնվում եմ փակ խանութների խաչմերուկում, քայլում նրանց միջով՝ ընթացքում կորցնելով ինքնագիտակցությանս վերջին նշանները:
Նա հայտարարում է, որ մենք կկարողանանք կրկին կանգնել մեր նստած տեղից, երբ կհանդուրժենք ցամաքների զգացմունքները գետնի տակ անցած ալիքների հանդեպ:
Երբ իջնում ես նոր կյանք ստացած աղաջրերի վրայով, անհնար է չնայել ետ և չխղճալ անցածդ ուղու համար:
Դու զգում ես, թե ինչպես են ասեղները խրվում ողնաշարիդ մեջ և բացում նոր տեսարաններ, որտեղ քո մերկությունից առաջացած օդապարիկը դանդաղ մոտենում է երկնաքերին ու պայթում, իսկ նրա մնացորդները վեր են ածվում քարե մորեխների և չհասցնելով ընկնել գետին` կրկին պայթում:
Ես տեսնում եմ, թե ինչպես է իմ առջև հայտնված ապակյա հաստաբուն կաղնու մեջ մտնում փղերի մի ամբողջ քարավան, իսկ քիչ անց լսելի է լինում գետնի տակից դուրս ելնող անատոմիական թելերով պատված դռան ճռռոցը, որի միջից չորեքթաթ դուրս են գալիս մրմնջացող վանականները:
Մենք միասին հետևում ենք երկնքից ընկնող շաքարավազի հատիկներին, որից քաղցրանում է մեր առջև դրված սուրճը……. գոլորշին բարձրանում է, հասնում ապակե առաստաղին և նկարում օդային դղյակներ: Ես խնդրում եմ քեզ չհեռանալ` հանդուրժելով գարնանային հորդառատ ջրի գոյացությունը, որը սկիզբ է առնում իմ մաշկի ծակոտկեններից: Դու փորձում ես չնայել ներքև` զսպելով սեփական ցանկություններդ, սակայն տեսնելով, որ ես արդեն նկատել եմ թևերիդ տակից հոսող քրտինքի կաթիլները, դու այլևս չես դիմադրում ինձ և շրջում ես մեր առջև դրված քաղաքական քարտեզը:
Երկար միջանցքի ամուր փակված դռների կողքով գլորվում է մի անձեռոցիկ, որի հետևից, խորհրդավոր լույսի ուժին չդիմանալով, դռները բացվում են, անձեռոցիկը կանգնում է դեռևս փակ դռներից մեկի մոտ, որտեղից դուրս է գալիս կտավից մաշկով մի անձնավորություն և քայլում միջանցքով առաջ ու ետ: Նրա ծնոտն այնքան հաստ է, որ ի վերջո նա հասնում է ջղաձգություններից այրված կամուրջին, նետում իրեն ցամաքած գետի մեջ և կանգնելով՝ շարունակում քայլել: Նրա վրա են հավաքվում իրենց մենությունից զրկված ճանճերը և ամբողջ քայլելու ընթացքում, լիովին փակելով նրա մարմինը՝ գցում են նրան գետնին ու հոշոտում: Իսկ երբ ճանճերը ցրվում են՝ թողնելով դրա մնացորդները, այդ մնացորդները քամին քշում – տանում է անձեռոցիկի կողքին գտնվող դռան մոտ: Տան կտուրին դրված դույլի անցքից, երկար կուտակումից հետո վերջապես թափվում է դեղին գույնի ներկը ցավից մրմռացող գոտու վրա:
Մենք փակում ենք մեր աչքերն ու փորձում գտնել ճերմակությունից ջնջված անկողինը: Երկար փնտրելուց հետո փակ աչքերով կանգնում ենք աթոռի վրա ու մինչև լուսաբաց մնում կանգնած…….Մենք, ինչպես կարմիր ավազով լցված ջրի խողովակներ, դեռ լուսաբացից առաջ սկսում ենք ճոճվել` հուսալով, որ մի օր կվերադառնանք փողոց այն հին քաղաքում, որը խեղդվում է տպագիր նախադասությունների մեջ և որի շոշափելի գոյության մասին մենք միայն ենթադրում ենք:
Ես կծածկեմ իմ մարմինն աղակալած համբերությամբ և կդադարեմ վազել վանդակում ընկած քարի շուրջ: Ի վերջո կբացեմ աջ ձեռքիս ափը….. քեզ տեսնելով կմոտենամ…. դու կստիպես ինձ փակել ձախ ձեռքիս ափը: Զղջալով արարքիս համար՝ ես կնետեմ ինձ քո կաշվե հարթության վրա, որից կփշրվի պատուհանն, ու դու կհայտնվես դաշնամուրի վրա դրված նոտաների մեջ:
Նայելով պահարանի վրայի հայելու մեջ ես տեսնում եմ, թե դու ինչպես ես հանում հագիդ վերարկուները, որոնք չեն վերջանում: Հետո վազում ես անտառ ու փորելով հողը՝ գտնում քեզ սպասող հողաթափերը, սեղմելով դրանք կրծքիդ, ժպտալով տանում ես քո տուն ու գցում վառարանի մեջ, իսկ հետո արտասվում՝ տեսնելով, թե ինչպես են դրանք այրվում:
Կարծելով, որ լսել ես ցայտաղբյուրից հնչող անապատի ավազի ծիծաղը, դու կրկին վազում ես անտառ և փնտրում հողաթափերդ, սակայն, ոչինչ չես գտնում, վազում ես ցայտաղբյուրի մոտ մի բուռ ավազ վերցնում ու վերադառնալով տուն՝ վառարանը նետում, կրկին արտասվում:
Դատարկ սենյակի հատակը, որն այլևս չի կարողանում շնչել, վերածվում է առաստաղի, իսկ նրա վրայի խավարասեր միջատները ընկնում են հատակի վերածված առաստաղի վրա: Անձրևի փայտե կաթիլները ընկնելով գետնին՝ ստիպում են, որ նոթբուքը բացվի: Բացվելուն պես նա պայթում է, իսկ նրա նախկին տեղում բուսնում է կապույտ մի դարակ, որի միջից դուրս են թափվում բազմաթիվ նոր նոթբուքներ, որոնցից մեկի մեջ մենք քայլում ենք ճանապարհ դարձած անկողինների վրայով, և ես հանկարծ կանգ եմ առնում ու սկսում քորել ինձ: Դու փորձում ես համոզել, որ չանեմ դա, սակայն ես, շարունակում եմ քորել, քորում եմ ուսս, մեջքս, նաև՝ վիզս, դու հրում ես ինձ փողոց, որտեղ իմ վրայով անցնում է տանկը, և ես զգում եմ, որ կրկին քայլում եմ քեզ հետ` ճանապարհ դարձած անկողինների վրայով:
…………………………………………………………………….Մոլորված ճամփորդները կողանց քայլում են աղբանոցի միջով` ցանկանալով գտնել ծղոտե հայելու հորմոնները: Նրանցից մեկը հասկանալով, որ անիմաստ ժամանակ է ծախսում, երեք քայլ առաջ է գնում, հետո հանում ակնոցներն ու մի քանի վայրկյան, առանց թարթելու կանգնած մնալուց հետո, կրկին դնում է ակնոցներն աչքերին ու կրկին երեք քայլ անում` ձգտելով ազատվել իր ներսում առկայծող անտեսանելի լույսերից:
Խխունջներով հիացած լվացքը չի ենթարկվում այլևս մազածածկ սպիտակեղենի քամոտ առագաստներին և պատռվում է, բախվելով փոթորիկի փշրվող բեկորներին, տեսնելով իր շուրջը ծափահարող հանդիսատեսի «օվացիան»՝ կոշկակարի գլխվերևում շարված գործիքներն ու հատկապես հարթաշուրթերը արհամարհելով, որոշ ժամանակով կարողանում է թարթել աչքերը` դիմադրելով դեպի անորոշություն նայող խրտնած ուղտի մոլորված հայացքին, որից առաջացած հիացմունքը զգալով, դու սկսում ես ավելի թուլանալ, գուցե և կարողանաս շարունակել սեղմել ձեռքիդ մեջ գտնվող թղթե մեխերի շնչակտուր լինող սրունքները: Որոշ ժամանակ անց դու զգում ես քեզ, ինչպես անձայն կարոտից թաքնված հեռախոս………….ու որոշում ես, որ արդեն պատրաստ ես առանց կքանստելու կախվել քեզ համար արդեն անհասանելի դարձած կնճռոտ հատակից` զրկելով ինքդ քեզ սեփական ձեռքերի բերանբաց ցավերի եզրը տեսնելու հնարավորությունից: Քեզ հարկավոր է միայն բռիդ մեջ հավաքել իր տգեղությունը փնտրող նստարանի վրայի չպայթած բանալիները և կանգնելով մի ոտքի վրա` չմտածել, որ մի օր լսելու ես խաբված կծիկի թրթռացող խոսքերը, որոնցից դու ավելի մեղավոր ես զգում քեզ և շպրտելով բանալիները անհույս ծիծաղով, տարված, բորբոքում սև խոռոչները հեռավոր գալակտիկաներում……………………………ամեն պահ սպասում ես նրանց պայթելուն, որոնց ծուռ հարթությունը տեսնելով՝ ցանկանում ես սահեցնել մատդ ունքիդ վրայով, իսկ հետո փակելով աչքերդ՝ զգալ ճաղատ ապակու անզուսպ կուրությունը և լռել…………շարունակել պայքարը հիասթափությունից փակված պատերի դեմ:
Ցանկությունը՝ այլևս երբեք գլուխդ չթեքել նոսրացած սնկերի ու ջրիմուռների կողմը, ստիպում է նկատել արձագանքներից խելագարված կրունկների ու արմունկների զայրույթը`այդպիսով լռեցնելով ոսկորների գոռոցը: Կարելի է նույնիսկ բացել տանը գտնվող բոլոր դարակները և նայելով պատուհանից, հիշողությամբ նետվել դուրս` չկամենալով կորցնել բոցավառված դռների ճեղքված տեսիլքները և վերագտնելով քեզ, իբրև կենդանությունից ծաղկած մի սափոր կամ մի դույլ, որը չի վախենում բարձրաձայնել իր չձևավորված ցանկությունները:
Ես հենվել եմ մազերով լցված ճամպրուկի վրա և նայելով միայն առա՝, հույս ունեմ լսել կարմրությունից փշրվող հողի մենախոսությունը:Այդ անելանելի վիճակում ես կանչում եմ քեզ, բայց դու չես հայտնվում………….դու լրիվ մերկ ցատկում ես արծաթավուն նավի վրայից դեպի ջրերը օվկիանոսի` նայելով նրա գրգռված մակերեսին. ես շարունակում եմ սպասել քեզ` հայտնվելով ամայացած դաշտի արնաքամ անող ճակատամարտի մեջ և, ի վերջո, զգում եմ, թե ինչպես են թմրում վերջույթներս…………… Մեզ հարկավոր է իջնել դատարկ սանդուղքներով վերև, մոռանալ աղավաղված հնչյունների մասին, որոնց պատճառով չենք կարողանում հայացքով քայլել:
Թեև հնարավոր չէ միաժամանակ զսպել և թույլատրել ներսումդ դղրդացող փոշիանման երկրաչափության ձգողականությունը………….. քառակուսու անկյունները, թափահարելով հալչող հոսանքալարերը` քարացած բադակտուցի պես, այնուամենայնիվ կարելի է պահել սեփական մարմնի հավասարակշռությունը, որով և կարելի է կախիչից բռնվելով՝ դադարել նյարդայնացած տախտակի պես հևալ:
Հասկանալով, որ մի օր հասնելու ես կենդանությանդ ըմբոստությանը, դու ձեռք ես բերում հաղթական պարտություն և էլ չես ցանկանում հայտնվել անօգուտ հրմշտոցների մեջ: Փոխարենը դու դառնում ես ավտոմեքենայի մարտկոցի տատանման պես անհետացող ժամանակհատված և սկսում ես հասկանալ, որ շուտով կանգ ես առնելու սկսածդ ճանապարհից և անձայն շոյում ես քո կողքին սատկած կատվի դիակը:
Պատուհանները բացելով՝ կարողանում ես մտածել խավարի մեջ հազիվ երևացող օղակի մասին, որը ուշադրությունդ գրավելով՝ փշրվում է: Նրա փոխարեն առաջանում են բազմաթիվ լապտերների ստվերներ, որոնց անտարբերությունը լայնացնում է վայրէջք կատարող օդանավի արհեստականությունը:

Հարկավոր է քայլել՝ փնտրելով քո միջից դուրս եկող պոռթկումների հայացքը, փորձելով չտեսնել նրանցից դուրս եկող պոռթկումները: Այդպիսով, ինքնստինքյան չես նկատում քեզ երբևիցե հանդիպած թերթի կրպակներում կծկված անշունչ ճանճերին, որոնց միակ զբաղմունքը գրքերի ծայրին նստելն ու ժանգոտումից անդադար երազներ տեսնելն է, որոնց բովանդակությունը նրանք այդպես էլ չեն հիշում: Վերջապես դու պառկում ես և փորձում ես զգալ քո ազատությունը, տեսնել մտքերդ, լսել ցանկություններդ, սակայն որոշ ժամանակ անց հասկանում ես, որ քեզ ինչ-որ բան խանգարում է:

Մենք քայլում ենք բարակ թաղանթի վրայով, որի ներքևում անվերջանալի անդունդն է՝ չմտածելով այն մասին, որ ամեն պահ թաղանթը կարող է պատռվել:

Реклама
- комментарии
  1. ապրես Հայկ ջան, շատ լավն ա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s