Ինքնությունից զրկվածը

Posted: 8 августа, 2014 in Uncategorized

Մի խաղաղ գիշեր էր, երբ Մեսրոպն ամբողջովին հոգնած ու թրջված, արագ-արագ գնում էր տուն։ Բայց նա զայրացած չէր։ Ոչ, պարզապես նա պետք է հասներ տուն, և ձեռք բերեր իր այդքան սիրած մենակությունը (Մեսրոպը սիրում էր հաճախ մենակ մնալ), որ ամբողջ օրն աշխատանքի ժամանակ չէր կարողանում ստանալ։ Մեսրոպը հասնելու էր տուն, և զբաղեցնելով իր դիրքերը հեռուստացույցի առջև, վայելեր իր ազատ ժամանակը, որն իր կարծիքով ամենահետաքրքիր զբաղմունքներից էր, թեև նա արդեն գրեթե քառասուն տարեկան էր։ Սակայն տանը նրան անակնկալ էր սպասվում, անակնկալ, որ հաստատ իրեն դուր չէր գա։ Մեսրոպը բնակվում էր մի ցածրահարկ շենքի երկրորդ հարկում, որն իմիջայլոց վերջին հարկն էր։ Երբ նա արդեն շենքում էր և բարձրանում էր վերև, ներքևից նկատեց, թե ինչպես մի տղամարդ բանալիով բացում է իր տան դուռը, և նրա կողքին գտնվող կինը` երկու երեխաների հետ (նրանցից մեկը կնոջ գիրկն էր, իսկ մյուսը բռնել էր այդ կնոջ ազատ ձեռքից, և ինչ-որ բան էր ուզում ասել նրան) մտան ներս, և դուռը փակեցին։ Մեսրոպն առաջ վազեց դռան մոտ, այն արագ մի քանի անգամ թակեց, քիչ անց անտեղի սպասելով կրկին, ավելի ուժեղ թակեց, ու միանգամից գրպանից հանելով բանալին, բացեց դուռը և փորձեց ներս մտնել, սակայն դռան առաջ կանգնած էր քիչ առաջվա տղամարդը, որն երևի հասել էր այդտեղ` այն բացելու համար։
-Ներեցե՛ք, դուք ո՞վ եք, -հարցրեց Մեսրոպը, նրա խոսքերի մեջ մի տեսակ վախ կար։
-Ե՞ս, հարցրեց տղամարդն այնպես, կարծես հարցի բնույթը լավ չէր հասկացել, և փորձում էր ընկալել այն։ Մի փոքր դադարից հետո ավելացրեց, -ես Նորայրն եմ, այս տան բնակիչը, իսկ դուք…, -նա չհասցրեց խոսքն ավարտել, Մեսրոպը նրան ընդհատեց։
-Մեկ րոպե, այս տունն իմն է, ես եմ այստեղ ապրում, ձայնը փոքր-ինչ բարձրացնելով վրա բերեց Մեսրոպը։ Նրան հետևեց կնոջ ձայնը, որը գալիս էր տան սենյակներից մեկից, որի դուռը կիսաբաց էր։
-Այդ ո՞վ է Նորայր։
-Ինչ-որ մեկն եկել է, ասում է, որ բմակարանն իրենն է։
-Դե ներս հրավիրիր նրան, դրսում չի մնալու։
Նորայրը մի կողմ կանգնեց և տեղ տվեց Մեսրոպին, որ անցնի։ Մեսրոպը ներս անցավ (հենց դռնից այն կողմ հյուրասենյակն էր), նստեց հյուրասենյակում գտնվող բազկաթոռներից մեկին, բազկաթոռի դիմաց փոքրիկ սեղան էր` լի բազմաթիվ փասթաթղթերով, սեղանի մյուս կողմում ևս բազկաթոռ կար, նրա վրա էլ Նորայրը տեղավորվեց, և Մեսրոպը դանդաղ սկսեց զննել դիմացինին, ուսումնասիրեց նրա հագի վերնաշապիկը, որը մի տեսակ մոխրագույն տեսք ուներ, մուգ կապույտ գծերով սև փողկապը, այնուհետև ուշադրություն դարձրեց նրա բազկաթոռի ձախ թևին գցած մուգ կապույտ կոստյումը։ Իսկ այդ պահին Նորայրը հանգիստ նստած, ծռմռած դեմքով քիթն էր քորում, հետո դեմքն ավելի ծռմռեց, և սկսեց դունչը քորելով իջնել մինչև վիզը։ Հանկարծ կիսաբաց սենյակի լույսը մարեց, և դռան արանքից կամաց կինը դուրս եկավ նորածնի հետ։ Նրա ետևից դուրս եկավ նորածնից տարիքով մեծ, բայց ոչ շատ տղա երեխան և վազելով թռավ Նորայրի գիրկը։
-Նորայր, իսկ դուռն ինչու՞ ես բաց թողել, -դրսի դռանը մոտենալով, և այն ծածկելով ասաց կինը։ Եվ իրոք, դուռն այսքան ժամանակ բաց էր, և ներսն արդեն սկսել էր ցրտել։
-Թեյ կամ սուրճ չե՞ք ցանկանա, -հանկարծ խոսեց Նորայրը, -դուք թրջված եք, հավանաբար նաև մրսել եք։
-Ոչ, շնորհակալ եմ, -ասաց Մեսրոպը, նա վիրավորվեց Նորայրի խոսքերից։ Մեսրոպն այդ տան բնակիչն էր, իսկ տանտիրոջը իր իսկ տանը հյուրասիրելը մեծամտության տպավորություն էր թողնում։ -Ես կարող եմ դա ինքս անել, սա իմ տունն է, դուք ինձ թղթերը ներկայացրեք։
-Ի՞նչ թղթեր, այնպես հարցրեց Նորայրը, կարծես ոչնչից տեղյակ չէր։
-Տան թղթերը, ցու՛յց տվեք ինձ դրանք։
-Օ, ո՛չ պարոն, դուք գունատ տեսք ունեք, Արփինե, թեյ դիր, իսկ ես պարոնին կօգնեմ, -տագնապահար խոսեց Նորայրը, իսկ Արփինեն նորածնի հետ վազեց խոհանոց։
-Ես վերջին անգամ եմ ասում, որտե՞ղ են ձեր փասթաթղթերը։
-Պարոն, ձեզ նյարդայնանալ չի կարելի, դուք պետք է հանգստանաք։
-Դուք ինձ ստիպեցիք, -տեղից վեր կենալով ասաց Մեսրոպը, և սկսեց փորփրել սեղանի վրայի փասթաթղթերը։
-Պարոն, խնդրում եմ, հանգստացե՛ք, մենք ձեզ ցույց կտանք դրանք։ -Նորայրն ամեն ինչ անում էր Մեսրոպին հանդարտեցնելու համար, սակայն Մեսրոպն ըմբոստանում էր, և ի վերջո նա գնաց սենյակները ման գալու, քանի որ ոչ մի կարևոր փասթաթուղթ չգտավ սեղանի վրա։
-Հիմա ես իմ բնակարանի փասթաթղթերը ցույց կտամ, -ասում էր Մեսրոպը։ Նորայրը փոքրիկի հետ հանգիստ նստած սպասում էր։ Նրա դեմքը թախծոտ էր։ -Գրողը տանի, որտե՞ղ եմ դրանք դրել, -մի սենյակից դուրս գալով և մտնելով մյուս սենյակ, ասաց Մեսրոպը։ Սակայն Մեսրոպը ստիպված եղավ փնտրել ամբողջ բնակարանը, բայց ոչ մի փասթաթուղթ չգտնելով` հուսահատ վերադարձավ հյուրասենյակ, ուր արդեն բոլորը հավաքվել էին և թեյ էին ըմպում։
-Պարոն, ձեր թեյն արդեն սառում է, խնդրեմ, զբաղեցրե՛ք ձեր տեղը, -ասաց Արփինեն։ Մեսրոպը նստեց։ Նրան միայն հիմա հուզում էր այն, որ իր զառամյալ հիվանդ մայրը չիմանա եղածի մասին։ Մոր վիճակը շատ ծանր էր, և նա արդեն երկու ամիս է, ինչ գտնվում էր բժիշկների խնամակալության տակ։
-Ներեցե՛ք, ձեր անունն ինչպե՞ս է, -հարցրեց Նորայրը։
-Մեսրոպ, -քթի տակ, արմունկը բազկաթոռի բռնակին, դունչն էլ ձեռքի ափի մեջ դրած ասաց Մեսրոպը։ Նորայրը նկատեց, որ Մեսրոպը տրամադրություն չունի։
-Մեսրոպ, դուք կարող եք այսօր այստեղ գիշերել, եթե գնալու տեղ չունեք։
-Այո, այո, անյպայման մեզ մոտ մնացե՛ք, արդեն շատ ուշ է, -ավելացրեց Արփինեն, բայց Մեսրոպը ոչինչ չէր պատասխանում։ Նա այդպես երկար ժամանակ մնաց, իսկ երբ գլուխը բարձրացրեց, նրա դիմաց ոչ ոք չկար։ Մերոպը լավ հենվեց բազկաթոռին և շարունակեց լուռ նստել։
Առավոտ էր։ Մեսրոպը բազկաթոռին նստած նայում էր իր առջև դրված թեյին, որը նա այդպես էլ չէր խմել։ Նա աջ ձեռքը դրել էր բազկաթոռի բռնակին, իսկ մյուսը` սեղանի վրա, և ցուցամատով դանդաղ հարվածներ էր հասցնում սեղանի երեսին։ Հետո նա սկսեց հարվածել ավելի արագ, քիչ անց` բոլոր մատներով։ Մեսրոպը կարծում էր, որ Նորայրի ու Արփինեի մոտ ոչ մի փասթաթուղթ էլ չկա, իսկ տունն ընդհանրապես իրենց չի պատկանում։ Բայց այդ կարծիքին հակասում էր նրանց հյուրընկալությունը։ Դռան ճռռոց լսվեց։ Սենյակից դուրս եկավ գիշերազգեստով Արփինեն և գնաց խոհանոց։ Քիչ անց դուրս եկավ Նորայրը և եկավ նստեց Մեսրոպի կողքին։
-Մի գուցե փասթաթղթերն ինձ ցու՞յց տայիք, -ցածր ձայնով ասաց Մեսրոպը։
-Խնդրում եմ, Մեսրոպ, փասթաթղթերը կսպասեն։
-Ոչ, ես հիմա եմ ցանկանում տեսնել դրանք, -ձայնը բարձրացրեց Մեսրոպը։
-Ի՞նչ է պատահել, հյուրասենյակ գալով ասաց Արփինեն։
-Որտե՞ղ են ձեր փասթաթղթերը, Արփինեին դիմեց Մեսրոպը։
-Պարոն Մեսրոպ, եկեք մի կողմ դնենք փասթաթղթերը, Խեղճացած ձայնով ասաց Արփինեն։
-Ո՛չ, ես հիմա դրանք պետք է տեսնեմ, գրեթե գոռալով, և բռունցքը հարվածելով սեղանին ասաց Մեսրոպը։
Այս խոսքերից Արփինեն ձեռքի ափով փակեց իր բերանը և լաց լինելով վազեց սենյակ։ Մեսրոպն ուզեց վեր կենալ տեղից, բայց Նորայրը կանգնեցրեց նրան։
Հեռախոսի զանգ լսվեց։ Նորայրը գնաց պատասխանելու։ Հեռախոսազրույցի ընթացքում նա ձայն տվեց Մեսրոպին։
-Մեսրոպ, ձեզ հեռախոսի մոտ ինչ որ տղամարդ է կանչում, ասում է բնակարանի հարցով է զանգահարել։
Մեսրոպը ցատկեց տեղից և վազեց հեռախոսի մոտ։ Նորայրը լսափողը փոխանցեց Մեսրոպին և գնաց սենյակ։
-Լսում եմ։
-Բարև ձեզ, ես Մեսրոպի՞ հետ եմ խոսում։
-Այո, իսկ ես ու՞մ…
-Շատ բարի, ես ձեզ բնակարանի հարցով եմ զանգահարել։ -Այդ ձայնը մի տարեց տղամարդու ձայն կարծես լիներ։ Այն շատ արագ էր խոսում, և չէր թողնում, Որ Մեսրոպը մի բան ասի։ Նա Մեսրոպին ժամադրեց, մի ռեստորան, որտեղ վերջինս շուտ-շուտ էր այցելում։ -Դե լավ, ուրեմն այսօր ժամը երկուսին, -ասաց տղամարդն ու հեռախոսազրույցն ավարտվեց։
Եթե ժամը մեկին Մեսրոպը դուրս գար տնից, ապա գրեթե երկուսին կլիներ նշված վայրում։ Սակայն մինչ այդ պետք էր գնալ աշխատանքի և արձակուրդ վերցնել, թեև այդ օրը հենց Մեսրոպի արձակուրդ էր։ Արդեն ժամը տասն էր, և Մեսրոպը կարող էր առանց շտապելու մեկնել աշխատանքի վայր, իսկ աշխատանքի վայրը բնակարանից մոտ երեք հարյուր մետրի վրա էր։ Նա վերցրեց իր փասթաթղթերը, սկսեց դասավորել իր շորերը ճամպրուկի մեջ, իսկ ամենավերջում վերցրեց իր պատանեկան հասակում նկարած նկարը, իր մոտի բանալիները թողեց սեղանի վրա և դուրս եկավ։ Ճանապարհին Մեսրոպը տեսավ իր տարեց հարևանուհուն, որը խանութից էր դուրս գալիս, սակայն վերջինս շատ դժվարությամբ հիշեց նրան։
-Ողջույն տիկին Սոնա, -նրան տեսնելուն պես ասաց Մեսրոպը։
-Բարև ձեզ, -Մեսրոպին երկար նայելուց հետո ասաց տիկինը, և ավելացրեց, -իսկ դուք կարծեմ Մեսրոպն էիք, այո՞։
-Այո, ես եմ, չե՞ք հիշում ինձ։
Սոնան գլուխը դանդաղ աջ ու ձախ տարավ։ -Բայց ձեր դեմքն ինձ ծանոթ է թվում։
-Բարև ձեզ պարոն Գուրգեն, -անմիջապես ասաց Մեսրոպն, երբ նկատեց, որ խանութից դուրս է գալիս Սոնայի ամուսինը։ Սակայն նա չպատասխանեց, այլ գնաց Սոնայի մոտ։
-Դե, գնացինք, -ասաց Գուրգենն ու նրանք հեռացան։
Մի քիչ կանգնելուց հետո Մեսրոպը շարունակեց ճանապարհը։
Հիվանդանոցում, նա իմացավ, որ տնօրենը տեղում չէ։ Մինչև տնօրենի հայտնվելը Մեսրոպը ցանկություն հայտնեց տեսնել իր մորը, սակայն պարզվեց, որ իր մոր անունով հիվանդ այդտեղ չի բուժվում։
-Ներեցե՛ք, իսկ տնօրենը ե՞րբ տեղում կլինի, -հարցրեց Մեսրոպը բուժքույրներից մեկին։
-Նա տեղում է, կարող եք գնալ նրա մոտ, -պատասխանեց բուժքույրը։ Մեսրոպը գնաց տնօրենի դռան մոտ։
-Կարելի՞ է, -դուռը թակելով հարցրեց Մեսրոպը, սակայն պատասխան չլսվեց։ Մեսրոպը դանդաղ բացեց դուռն ու ներս նայեց։ Սեղանի առջև նստած էր մի անձնավորություն, որը կլանված ինչ-որ բան էր գրում տետրակում։
-Նստեցե՛ք, մի ակնթարթ գործից շեղվելով ասաց տնօրենն ու ձեռքով ցույց տալով իր դիմացի աթոռը, ինչից հետո շարունակեց գրառումները։
-Շնորհակալություն, -ասաց Մեսրոպն ու անցավ նստեց։ -Պարոն տնօրեն, ես արձակուրդի վերաբերյալ եմ ձեզ մոտ եկել։ Բանը նրանումն է, որ… Չգիտեմ էլ, թե դա ինչպես ստացվեց…
-Մեսրոպ, -նրան ընդհատելով և գրառումներից կրկին կտրվելով ասաց տնօրենն, նա ավելի հարմար դիրք ընդունեց, մի քիչ մտածեց և ժպտալով ավելացրեց, -դուք մեզ մոտ չեք աշխատում, -նա ձեռքերը դրել էր իր աթոռի բռնակներին, այն մեկ ձառ, մեկ` աջ էր տանում բերում, որը պտտվելու հնարավորություն ուներ։ Տնօրենն ուշադիր զննում էր Մեսրոպին` չթաքցնելով ժպիտը, մեկ-մեկ էլ հայացքը գցում էր ուրիշ տեղ։ Մեսրոպն այդ ընթացքում լուռ ներքև էր նայում։
-Ինձ ներեցե՛ք, -տեղից կանգնելով խոսեց տնօրենն, -ես քիչ հետո կվերադառնամ, ինձ այստեղ սպասեք, -և դեպի դուռը գնալով` դուրս եկավ սենյակից։
Մեսրոպը, մի քիչ սպասելուց հետո, սկսեց փորփրել տնօրենի գրասեղանը, և գտավ թղթեր, որոնց վրա նշված էին ներկայիս, և նախկին աշխատակիցների անունները, սակայն ոչ մի տեղ գրված չէր իր անունը։ Որոշ ժամանակ էլ սպասելուց հետո, նա որոշեց գնալ ռեստորան, քանի որ ժամը տասներկուսից տասն էր պակաս։ Նա դուրս եկավ հիվանդանոցից, մի տաքսի բռնեց և ուղևորվեց դեպի ժամադրված վայր։
Ժամը մեկից քսան էր պակաս, երբ Մեսրոպը տեղ հասավ։ Ռեստորանում շատ քիչ մարդ կար։ Մեսրոպը նստեց սեղաններից մեկի մոտ։ Նա գիտակցում էր, որ շուտ էր եկել, բայց որոշեց սպասել։ Հենց իր սեղանի կողքի սեղանին մի թմբլիկ պարոն էր նստած երկու երիտասարդ տղաների հետ, և ինչ-որ բան էր քննարկում։
-Ի՞նչ եք ցանկանում, -կողքից հարցրեց մատուցողը` Մեսրոպին մեկնելով ճաշացանկը։
-Ինձ ջուր բերեք, խնդրում եմ, -ճաշացանկը չվերցնելով ասաց Մեսրոպը։ Նա, թեև երեկ ցերեկվանից չէր ընթրել, բայց ծարավն ավելի էր տանջում նրան, և հետո այդ տղամարդն ամեն րոպե կարող էր հայտնվել։ Մատուցողն առանց գրառելու պատվերը հեռացավ։ Մեսրոպին շատ էր հետաքրքրում, թե ինչ են քննարկում իր կողակիցները։ Այդ թմբլիկն այնքան պատկերավոր էր պատմում ամեն ինչ (Մեսրոպը այդքան չէր լսում նրանց զրույցը, դա երևում էր թմբլիկի շարճումներից), որ Մեսրոպը նույնպես ցանկանում էր միանալ զրույցին։
-Ձեր ջուրը։
-Շնորհակալություն, ինձ մի բաժակ սուրճ էլ բերեք, -ասաց Մեսրոպը։ Այդ ազատ ժամանակը շատ հարմար էր, որպեսզի Մեսրոպը մտածեր իր հետագա անելիքների մասին։ Բարեբախտաբար բանկում նա իր հոգեպահուստն ուներ` սև օրվա համար։ Պետք էր նախ որոշ չափի գումար հանել հաշվից, որպեսզի մինչև նոր ապրելավայր գտնելը գոյատևել։ Մեսրոպը մտածում էր այդ ամենի մասին` հեևելով թմբլիկին և նրա անձնակազմին։ Հանկարծ թմբլիկը զրույցը կիսատ թողեց, և նայելով իր թևի ժամացույցին, անսպասելիորեն դիմեց Մեսրոպին։
-Եկեք նստեցեք, -ասաց նա, և շարունակեց զրույցը։ Մեսրոպը մի թղթադրամ հանեց, դրեց իր սեղանին և աթոռով մոտեցավ թմբլիկի սեղանին։ Թմբլիկի ձայնից երևում էր, որ հեռախոսով հենց նա էր խոսում իր հետ։
-Պատկերացնու՞մ եք, ես էլ նրանց եմ նույնն ասում, և բոլորն այսպիսի հայացք են ընդունում (դեմքով ծամածռած հայացք է ցույց տալիս)։ Կողքի երիտասարդներն ու թմբլիկը սկսում են հռհռալ, իսկ Մեսրոպն այդ ընթացքում սպասում էր, թե երբ են իրենից խոսելու, սակայն նրանց են միանում մոտ հիթսունն անց մի կին և վաթսունն անց մի տղամարդ, որոնք դրսից էին եկել, և զրույցն ավելի է թեժանում։ Թմբլիկը սկսում է տարբեր բաներ պատմել, որոնցից ունկնդիրները, բացառությամբ Մեսրոպի, տարօրինակ ձևով զարմանում էին, ծիծաղում, վախենում։ Մեսրոպի համբերությունն հատնում է։
-Ներեցե՛ք, -թմբլիկի ուսին տպտպացնելով ասաց նա։ Թմբլիկը շրջվում է նրա կողմը։ -Մենք պետք է բնակարանից խոսեինք։
-Սպասե՛ք, -արագ ասաց թմբլիկն ու շարունակեց պատմելը։ Մեսրոպն երկու մատով տրորեց աչքերը։ Զրույցը շարունակվում էր, և նրանց միացավ մի կնճռոտ, նիհար ծերուկ։ Մեսրոպը մի անգամ էլ դիմեց թմբլիկին, սակայն թմբլիկը նույնիսկ լսել չէր ուզում։ Նա մի քանի անգամ էլ երբեմն-երբեմն փորձեց շեղել զրույցը, բայց արդյունքի չհասավ։ Երկար սպասելուց հետո, ևս մի փորձ եղավ, սակայն այս անգամ թմբլիկը բարկացավ։
Դու ի՞նչ է, չե՞ս տեսնում, որ զբաղված եմ, ահա հասցեն, -ծոցագրպանից մի ծալած թուղթ է հանում ու տալիս Մեսրոպին, -կարող ես գնալ։
Մեսրոպը նշված հասցեյով հասավ մի հին բարձրահարկ շենքի մոտ, որն վերանորոգման կարիք ուներ։ Հասցեում նաև նշված էր, որ բնակրանը գտնվում է ամենավերջին` տասներկուերորդ հարկում։ Վերելակը չէր աշխատում, և Մեսրոպը ոտքով բարձրացավ։ Տասներորդ հարկից լսվում էին մարդկային ճիչեր, բղավոցներ, քրքիջ, որոնք վերևից էին։ Վերջին հարկի բոլոր չորս դռները բաց էին։ Ամենուր մարդիկ կային։ Նրանցից շատերը շատ խղճուկ տեսք ունեին։ Ոմանք նստած էին բնակարանի դռների մեջ, ոմանք հենված էին պատերին, մի կին նորածնի հետ նստել էր քրքրված մի խալու վրա և կրծքով կերակրում էր երեխային։ Հարկը շատ թափրտված տեսք ուներ։ տարբեր վայրերում մահճակալներ, աթոռներ, սեղաններ էին դրված։ Մեսրոպին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Բնակարաններից մեկում, որտեղ առաջինը մտավ նա, հին ու մաշված աթոռի վրա նստած էր սև կոստյումով ու տաբատով, մուգ կապույտ կոշիկներով, բաց մաշկագույն ցիլինդրով ու ծխամուրճով մի ցմփոր պարոն։ Նա ոտքը ոտքին էր գցել և դանդաղորեն ծխում էր։ Մեսրոպն ուշադիր նրան նայելով անցավ կողքով, սակայն ետևից պարոնը ձեռքով բռնեց նրա շորից և շրջեց իր կողմ։
-Մի՛ շտապիր, Մեսրոպ, -ցածր ձայնով ասաց նա։
-Իսկ դուք ինձ…
-Կարևոր չէ, -Մեսրոպին ընդհատելով ասաց պարոնը և շարունակեց։ -Ինչու՞ ես այստեղ եկել։
-Ինձ բնակարան էր հարկավոր։ Բայց դուք չասացիք թե որտեղից եք ճանաչում ինձ։
-Իսկ ինձ ոչինչ էլ հարկավոր չէ հին ընկերներին ճանաչելու համար, -տեղից ելնելով ասաց պարոնն ու ժպտաց։ Նա ուղեկցեց Մեսրոպին բնակարանի սենյակներից մեկը։ Այդ սենյակը համեմատաբար ավելի կոկիկ էր։
-Մենք նախկինում հանդիպե՞լ ենք, -մտնելով սենյակ, հարցրեց Մեսրոպը։
-Կարծում եմ, որ ոչ, -պատասխանեց պարոնը։ Նա հանելուկներով էր խոսում, և Մեսրոպը նրան տեղի չէր բերում։ Քիչ անց պարոնը հեռացավ` Մեսրոպին մենակ թողնելով սենյակում։ Նա սկսեց սենյակը դասավորել, որից հետո պառկեց մահճակալին։
Ուշ գիշեր էր։ Մեսրոպն արդեն քնած էր, երբ սենյակի վերևում մեծ աղմուկ բարձրացավ։ Այդ աղմուկի մեջ հանկարծ մի դմփոց լսվեց, որն արթնացրեց Մեսրոպին։ Այդ աղմուկ-աղաղակները կտուրում էին տեղի ունենում։ Լսվում էին տարբեր ձայներ` քրքիջներ, գոռոցներ, սուլոցներ, կոշտ ձայնով մի կնոջ երգ… Կրկին դմփոց լսվեց, որին հաջորդեց մի ուրիշ դմփոց, և այսպես շարունակ դմփոցներ` դմփոցների ետևից։ Ի վերջո այս ամենը հունից հանեց Մեսրոպին, և նա որոշեց բարձրանալ վերև։ Սկսեց շրջել բնակարաններով` փնտրելով դեպի կտուր տանող ճանապարհը։ Ոչ մի տեղ մարդ չկար։ Հավանաբար բոլորն էլ վերևում էին։ Վերջապես բնակարաններից մեկում գտնվեց մի անցք, որի միջից աստիճան էր իջնում։ Կտուրում մի մեծ իրարանցում էր։ Մի կողմում հավաքվել էին չորս պառավ կանայք ու ինչ որ բան էին քննարկում, մի ուրիշ տեղ երկու հոգի իրար էին տալիս, կտուրի եզրերից մեկի մոտ մի փոքրիկ տղա ուշադրությամբ նայում էր ներքև։
-Հե՛յ, որքա՞ն կարելի է սպասել, -լսվեց մի ուրիշ կողմից, Մեսրոպը պտտվեց և տեսավ մի երիտասարդ տղամարդու, և համեմատաբար ավելի տարեց մի մարդու, որոնք նստել էին կտուրի հատակին և խաղաթուղթ էին խաղում։ -Մեզ մի խաղացող էլ է անհրաժեշտ, կմիանա՞ս մեզ, -շարունակեց տարեցը։ Նա գրեթե գոռալով էր խոսում, և որպեսզի Մեսրոպը նույպես չգոռար, մոտեցավ նրանց։
-Ահա, նստի՛ր, -ասաց երիտասարդը խաղաթղթերը բաժանելով։
-Ոչ, ես…
-Դե լավ, լավ, մի՛ քաշվիր, -ընդհատեց տարեցը։
-Ներեցեք, բայց… , -այս անգամ էլ նրան լռեցրեց երիտասարդը` ցուցամատը հպելով շրթունքներին, ինչից հետո սկսեց զննել իր խաղաքարտերը։ Նույնը անում էր նաև տարեցը։
Մի քանի րոպե տարեցն ու երիտասարդը ուշադիր իրենց խաղաքարտերին էին նայում, այնպիսի հայացքներ էին ընդունում, կարծես շատ խորիմաստ բաների մասին էին մտածում։ Մեսրոպը լուռ նայում էր նրանց։ Քիչ անց նա որոշեց զննել իր խաղաքարտերը։ Դանդաղ բարձրացրեց դրանք, մի քիչ նայեց և կրկին վայր դրեց։ Մի քիչ ուշ տարեցը մյուս ձեռքը մոտեցրեց խաղաքարտերին, մի խաղաքարտ բռնեց, և կարճ մտածելուց հետո այն բաց կողմով նետեց հատակին։ Երեքն էլ հայացքները թեքեցին խաղաքարտի վրա։ Երիտասարդը դանդաղ հայացքը բարձրացրեց տարեցի վրա։ Տարեցը նույպես նայեց երիտասարդին։
-Թյու՛, -հանկարծ բացականչեց երիտասարդը հատակին նետելով խաղաքարտերը, իսկ տարեցը հուսահատված գլուխը կախեց։ Մեսրոպն օգտվելով ստեղծված իրավիճակից փորձեց գնալ, սակայն երիտասարդը չթողեց։
-Սպասի՛ր, մի անգամ էլ խաղանք և կգնաս։ -Մեսրոպը չմերժեց։ Նորից նույն սցենարը կրկնվեց։ Տարեցն ու երիտասարդն ուշադիր իրենց խաղաթղթերին էին նայում։ Այս ամենը զզվեցրեց Մեսրոպին, և նա որոշեց արագ վերջ տալ խաղին և մի խաղաթուղթ նետեց հատակին, սակայն ուշադրության չարժանացավ։ Այս անգամ ամեն ինչ երկար տևեց։ Մեսրոպն իր բոլոր խաղաթղթերը նետեց ու հեռացավ։ Նա չէր նկատել անգամ, որ արդեն միայն նա տարեցն ու երիտասարդն էին մնացել կտուրում։ Ոչ մի ձայն այլևս չկար, Իսկ դեպի կտուր տանող անցքի աստիճանը բացակայում էր։
Մեսրոպն արթնացավ, երբ արդեն կեսօրին մոտ էր։ Նա պառկած էր կտուրի գրեթե եզրին, իսկ նրա կողքին ծխամուրճով պարոնն էր նստած։
-Գնացի՛նք, -ասաց պարոնն ու կանգնեց։ Մեսրոպն արագ վեր կացավ և շտապեց նրա ետևից։ Պարոնը գնաց այնտեղ, որտեղ մեկ օր առաջ էր Մեսրոպին ուղեկցել։ Սենյակում այս ու այն կողմ էր քայլում մի նիհար տղամարդ։
-Օ՜, ողջույն Մեսրոպ, -նրան տեսնելով բացականչեց երիտասարդը։
-Ողջույն Արման, -ասաց պարոնն ու մի կողմ անցավ։ Արմանը նրան հայացքով բարևեց, հետո մոտեցավ Մեսրոպին։
-Քանի՞ տարի, քանի՞ տարի, -ասաց նա։ Մեսրոպը տեղին չէր բերում Արմանին, նա միայն հայացքով նրան ինչ որ մեկին էր նմանեցնում։ Արմանին նա միայն ժպիտով էր արձագանքում։ -Դե, հավաքվի՛ր։ -Մեսրոպը վերցրեց իր իրերն ու Արմանի հետ հեռացավ։ Նրանք դուրս եկան փողոց ու սկսեցին քայլել դրա երկայնքով։ Այսպես մոտ մեկ ժամ Մեսրոպը հետևեց Արմանին, մինչև վերջինս կանգ առավ մի տան մոտ։ Նա գրպանից հանեց բանալիները, մեկնեց Մեսրոպին, ինչից հետո շարունակեց իր ճանապարհն, առանց որևէ բան ասելու։ Տունը բավականին մեծ էր և ուներ բոլոր հարմարությունները։
Արդեն մեկ շաբաթ էր ամցել, ինչ Մեսրոպն ապրում էր այդտեղ։ Իհարկե այդտեղ լավ էր, սակայն նա իր բարեկամների ու հարազատ մարդկանց հետ ոչ մի տիպի չէր կարողանում կապնվել։ Հարկավոր էր նաև այցելել բանկ և հաշվից գումար վերցնել, քանի որ փողը գրեթե չկար, իսկ նոր աշխատանք գտնելն այդքան հեշտ չէր։
Գիշերվա ժամը երկուսն էր, երբ Մեսրոպին զանգ եկավ։ Նա դանդաղորեն վեր կացավ անկողնուց և գնաց հեռախոսի մոտ։ Դա տեվեց մոտ հինգ րոպե, սակայն զանգը դեռ գալիս էր։
-Լսում եմ, -ասաց Մեսրոպը։
Լսվեց մի տարեց կնոջ ձայն։ -Սա պետական բանկից է, ուզում էի տեղեկացնել, որ երեք օրից այս տան վարկը չմարելու դեպքում տունը կառգրավվի և կհանվի աճուրդի։ Բարի գիշեր, -ասաց նա և վայր դրեց լսափողը։
Առավոտյան Մեսրոպը շտապեց բանկ։ Բանկի սպասարկման բաժնում միայն մի տարեց ծերուկ էր նստած։ Տեսնելով Մեսրոպին նա հրավիրեց նրան տնօրենի սենյակ։
-Դե, ողջույն Մեսրոպ, -շատ դանդաղ ասաց ծերուկը։
-Ողջույն, ես իմ հաշվից գումար պետք է վերցնեմ, բայց ինչպես երևում է դեռ շուտ եմ եկել։
Ծերուկը ոչինչ չէր պատասխանում նա միայն ուշադիր լսում էր իր խոսակցին, իսկ երբ խոսակիցը դադարում էր խոսելը, նա սկսում էր ուշադիր նայել դիմացինին, որպիսզի նա կրկին խոսի։
-Ես կարո՞ղ եմ իմ հաշվից գումար հանել։ Դուք ինձ լսու՞մ եք։
Ի պատասխան ծերուկն իր տեղից վեր կացավ, մոտեցավ պատուհանին, որը բաց էր, ձեռքերի ափերը հենեց պատուհանագոգին և կրկին անշարժացավ։
-Ինձ զանգահարեցին և ասացին, որ տան վարկը մարելու ժամանակը շուտով կսպառվի, ինձ գումար է անհրաժեշտ։ -Ծերուկը գլխով արեց։ -Ես իհարկե այդ տան սեփականատերը չեմ, բայց…
-Լավ, ամեն ինչ պարզ է։ Մեկ շաբաթից կարող եք գալ։
-Չէ, պարզապես բանը նրանումն է, որ գրեթե ժամանակ չի մնացել, ինձ այդ գումարն այս պահին է անհրաժեշտ։
-Իսկ ձեզ երբևէ բախտ վիճակվե՞լ է այստեղ աշխատելը, -Մեսրոպին մոտենալով խոսեց ծերուկը, -երբևիցե տեսե՞լ եք, թե ինչ դժվարությամբ ենք մենք այստեղ աշխատում, -նա արդեն կանգնել էր Մեսրոպին դեմ-դիմաց և խոսում էր նայելով նրա աչքերին։ -Ինձ միշտ ծեծի են ենթակում ամեն անգամ տարբեր պատճառներով, իսկ դուք, դուք երբևիցե զգացե՞լ եք դա ձեր վրա… -նա սկսեց արտասվելով գնալ պատուհանի մոտ։ Քիչ անց Մեսրոպը դուրս եկավ` առանց ինչ որ բան ասելու։ Այժմ պետք էր կապնվել Արմանի հետ, սակայն նա ոչ մի տեղեկություն չուներ նրա մասին։
Ժամանակն անցնում էր, իսկ Մեսրոպն այդպես էլ չէր կարողանում գտնել Արմանին։ Մի քանի օրից, երբ նա պատրաստվում էր այցելել իր քրոջ` Անիի մոտ, հանկարծակի հեռախոսը զանգեց։ Հեռախոսը վերցնելով, լսվեց բանկում աշխատող ծերուկի ձայնը։
-Մեսրոպ, այդ ես եմ, ճանաչեցի՞ր։
-Այո, ասա, միայն թե արագ ես շտապում եմ։
-Այսօր այցելիր բանկ, պետք է խոսենք, լավ կլինի, եթե շուտ գաս, ես քո ետևից մեքենա եմ ուղարկել, նա հավանաբար արդեն տեղում է, -ասաց նա և վայր դրեց լսափողը։
Դրսում հենց տան դիմաց մի մեքենա էր կանգնած։ Վարորդը տեսնելով, որ Մեսրոպը դուրս եկավ, իջավ մեքենայից և բացեց դուռը սպասելով Մեսրոպին։
Ճանապարհին վարորդն այս ու այն կողմ էր նայում, ինչն էլ Մեսրոպին խոսելու տեղիք տվեց։
-Ինչու՞ եք այդքան շփոթված, -հարցրեց նա չթաքցնելով իր անհանգստությունը։ Սակայն վարորդը շատ տարված էր և չպատասխանեց։ Նա կրկնեց հարցը։
-Մեզ հետապնդում են, -շշուկով խոսեց վարորդն ու շարունակեց զննումները։ Նա գնալով ավելի էր խուճապի մատնվում և հանկարծ կանգ առավ։ -Դու՛րս եկեք, շուտ։ Արագ, դուք վտանգում եք մեզ, խնդրում եմ դու՛րս եկեք։
-Բայց ինձ ասացին…
-Ես աղաչում եմ, դու՛րս եկեք, խնդրում եմ, ձեր կյանքը վտանգելով դուք իմ կյանքն էլ եք վտանգում, խնդրում եմ ձեզ…
-Լավ, այդ դեպքում, -մեքենայից դուրս գալով ասաց Մեսրոպը, -այդ դեպքում…
-Այո, այո, շնորհակալ եմ, միայն թե արագ, -շարունակեց վարորդն, իսկ երբ Մեսրոպը ծածկեց մեքենայի դուռը, նա արագորեն թեքվեց մյուս կողմ և հեռացավ։
Դեպի բանկ տանող ճանապարհը այդքան էլ երկար չէր մնացել, և Մեսրոպն այն ոտքով հաղթահարեց։
Բանկի սրահում կրկին դատարկ էր։ Տնօրենի սենյակից լսվեց ծերուկի ձայնը։
-Մեսրո՞պ։
-Այո այդ ես եմ, -սենյակ մտնելով ասաց նա։ Ծերուկը նստած էր գրասեղանի մոտ գտնվող աթոռին։ Մեսրոպին տեսնելով, նա ձեռքով ցույց տվեց գրասեղանի մյուս կողմում գտնվող աթոռները։ Մեսրոպը նստեց։ Ծերուկը կրկին լուռ էր և սպասում էր դիմացինի խոսելուն։
-Այսօր երևում է բարդ է ամեն ինչ։ -Ծերուկը գլխով արեց։ -Տունն, ինչպես գիտեք առգրավվեցին, իսկ մինչև աճուրդն ինձ թույլատրեցին այդտեղ բնակվել։ -Ծերուկը ոչինչ չպատասխանեց։ Մեսրոպը շարունակեց։ -Հիմա ես գոնե աճուրդին պետք է տունը կարողանամ գնել։ -Ծերուկը գնաց պատուհանի մոտ և իր նախկին դիրքն ընդունեց։ -Ես չգիտեմ էլ, թե աճուրդը երբ կկայանա, համենայն դեպս… Արդեն բավականին ժամանակ է անցել և դժվար է ասել, թե ինչպես…
-Հաշիվն ես արդեն ստուգել եմ։
-Դե, արդեն կարծում եմ, կարծում եմ աճուրդի օրը շուտով կորոշվի։ Եթե այս անգամ ամեն ինչ իր հունով գնա, կարծում եմ…
-Իսկ դու գիտեի՞ր, որ քո հաշիվը դատարկ է։ -Մեսրոպը ոչինչ չպատասխանեց, նա միայն գլուխն իջեցրեց ներքև։ -Ուրեմն դու գիտեիր, գիտեիր և լռու՞մ էիր։
-Ես ենթադրում էի։
-Միևնույն է, դու պետք է ասեիր դա, դու չպե՛տք է լռեիր։
-Իսկ ի՞նչ ես կարող էի ասել, -տեղից կանգնելով զայրացած խոսեց Մեսրոպը։
-Գնա՛, -ցածր ձայնով ասաց Ծերուկը։ Մեսրոպը գնաց դռան մոտ, բայց նա պտտվելով շարունակեց։ -Եվ մի բան էլ, եթե ինչ որ մեկն իմանա, այս խոսակցության մասին, խոստանում եմ, դու դրանում շատ կփոշմանես։ -Մեսրոպը դուրս եկավ` իր ետևից շրխկացնելով դուռը։ Սպասասրահում նստած էր մի երիտասարդ կին։
-Անի՛, -կնոջը տեսնելով բացականչեց Մեսրոպը։ Կինը նայեց նրան և ոչինչ չպատասխանեց։ -Անի, այդ ես եմ։
-Իսկ մենք ծանո՞թ ենք, քմծիծաղ տալով պատասխանեց կինը։
-Ես հասկանում եմ, դու հիմա շատ վիրավորված ես, բայց խնդրում եմ, լսի՛ր ինձ։ Մեսրոպն արդեն մոտեցել էր նրան և բռնել ձեռքից։
-Բա՛ց թող ինձ, չմոտենա՛ս, -տեղից ցատկելով, և քաշվելով մի կողմ գոչեց կինը։
-Անի, խնդրում եմ լսի՛ր պարզապես, -կրկին մոտենալով ասաց Մեսրոպը։ Կինն առանց ինչ որ բան ասելու վազելով տնօրենի սենյակ, մոտեցավ ծերուկին։ Մեսրոպը հետևեց նրան։
-Ուրեմն դու այդպե՞ս որոշեցիր, խոսեց Մեսրոպը։ Ծերուկը հանգիստ պատասխանեց նրան։
-Դու պետք է գնաս։
-Ո՛չ, մենք դեռ պետք է խոսենք։
-Մեսրոպ, մենք խոսելու ոչինչ չունենք քո հետ, -ասաց ծերուկը, -հեռացի՛ր։ -Նա մի ձեռքով գրկել էր կնոջը, որն էլ գլուխը դրոել էր նրա կրծքին։
-Ես չե՛մ հեռանա մինչև չխոսենք։ -Մի քանի վայրկյան ծերուկը ոչինչ չպատասխանեց։ Նա հանկարծ իր մյուս ձեռքով, որն ազատ էր, ետևի գրպանից հանեց ատրճանակն ու կրակ բացելով Մեսրոպի վրա, վիրավորեց նրա ձախ ուսը։ Վերջինս ետ-ետ գնալով հենվեց պատին։ Նա ձեռքով բռնեց իր ձախ ուսն ու դանդաղ իջնելով հատակին, տեսավ, թե ինչպես են կինն ու ծերուկը հպարտ հայացքներով նայում իրեն։
Մեսրոպն արթնացավ մի գեղեցիկ սենյակում` անկողնում պառկած։ Նրա ուսը դեռ ցավում էր։ Քիչ անց սենյակ մտավ աղախնի շորերով մի աղջնակ։ Անկողնու կողքին մի սեղան կար, որի վրա դրված էին բուժման համար տարբեր պարագաներ։ Աղջնակը վիրակապ վերցնելով կանգնեց անկողնու մոտ և նայեց Մեսրոպին։ Հիվանդը աջ ձեռքով հրեց իրեն վեր և հենվելով բարձին, թողեց, որ աղջնակը փոխի վիրակապը։ Վիրակապը փոխելուց հետո աղջնակը գնաց։
«Որտե՞ղ եմ ես», ինքն իրեն մտածեց Մեսրոպը։ Կրկին ներս մտավ աղջնակը` ջրով լի բաժակով։
-Որտե՞ղ եմ ես։ -Աղջնակը բաժակը մոտեցրեց Մեսրոպին։ Նա վերցրեց բաժակն ու ըմպելով ջուրը կրին հարցրեց։
-Որտե՞ղ եմ ես։ -Աղջնակը վերցրեց բաժակն ու կրկին հեռացավ։ Որոշ ժամանակ անց վերադարձավ, իր հետ բերելով հագուստ։ Նա Մեսրոպին օգնեց, որպիսզի հագնվի, հետո կրկին հեռացավ։ Մի քանի վայրկյանից ներս մտավ կոշիկների հետ։ Երբ Մեսրոպը հագավ կոշիկները, նա իր ծոցագրպանից մի ծալած թուղթ հանեց, մեկնեց դիմացինին և կրկին գնաց։
Անկողնու դիմացի պատուհանից երևում էր, որ իրիկնամուտ է։ Մեսրոպը բացեց թուղթը։ Նա մեկ ժամ մնաց սենյակում և արդեն, երբ պիտի դուրս գար, աղջնակը կրկին ներս մտավ և կանգնեց դռան մոտ։ Մեսրոպը դուրս եկավ գալով սենյակից և իջավ առաջին հարկ (սենյակը, որտեղ նա պառկած էր, երկրորդ հարկում էր)։ Դուրս գալով փողոց, նա նստեց տան դիմաց կայանած մեքենան։ Մեքենայի վարորդը ճանապարհին անհանգիստ այս ու այն կողմ էր նայում։ Նրանք գնացին մի հին թատրանի մոտ։ Վարորդը Մեսրոպին ուղեկցեց թատրոնի ներսում գտնվող մի գեր ու ճարպոտ, շքեղ զարդարված կնոջ մոտ, որը նստել էր առաջին շարքում։ Նա Մեսրոպին փոխանցեց վերջինիս նախկին բնակարանի բանալիներն ու հեռացավ։ Թատրոնը լի էր հանդիսատեսներով։
-Ինչի՞ց մենք պետք է խոսեինք, -կնոջ կողքին տեղավորվելով հարցրեց Մեսրոպը։
-Նախ ներկայանամ, ես Գրետան եմ, -հեգնանքով ու ժպտալով ասաց կինը։
-Եվ ինչի՞ց մենք պետք է խոսենք, Գրետա։
-Շուտով, երբ վարագույրները կբացվեն, կսկսվի ներկայացումը, իմիջայլոց, բեմադրիչը հենց ես եմ, — կրկին հեգնանքով ու ժպտալով խոսեց Գրետան։
-Ես ուրախ եմ քեզ համար, իսկ հիմա անցնենք խոսակցությանը, -դժգոհաբար խոսեց Մեսրոպը։
-Ես բավականին բան գիտեմ քո մասին և ուզում եմ օգնել։
-Ինչի՞ց վերցրեցիր, որ կարող ես օգնել ինձ, ես արդեն սպառված ավանակ եմ, որը ոչ մեկին էլ հարկավոր չէ։
-Այո, դա այդպես է, -տխրությամբ ասաց Գրետան։ Նրանք մի քանի րոպե լուռ մնացին, հետո Գրետան ավելացրեց։ -Իսկ դու ամուսնացա՞ծ ես։
-Դու իմ մասին կարծեմ բավականին բան գիտեիր։ -Գրետան ժպտաց։
Այդ պահին վարագույրները սկսեցին բացվել։ Բոլորը սկսեցին ծափահարել։ Բեմն ամբողջովին դատարկ էր։ Բոլորն ուշադիր նայում էին դատարկ բեմին, բացառությամբ Մեսրպի, և երբեմն-երբեմն հուզվում էին։ Քիչ անց, Գրետան նայեց Մեսրոպին։ Վերջինս, սակայն տեսնելով դա, ճակատը հենել էր ձեռքի ափին և ոչինչ չպատասխանելով նայում էր ներքև։ Մի քանի րոպե խոսակիցներն իրենց դիրքով մնացին։
-Կարող ես գնալ, -չոր ձայնով խոսեց Գրետան։ -Մեսրոպը չշարժվեց։ -Գնա՛։ -Մեսրոպը դուրս եկավ թատրոնից և նստեց մեքենան։
-Դու՛րս եկեք մեքենայից, ես կյանքս վտանգելով ձեզ այստեղ բերեցի և չեմ ցանկանում կրկին այն վտանգի տակ դնել, -խոսեց վարորդն, երբ արդեն պատրաստվում էր վարել մեքենան։ Մեսրոպը դուրս եկավ մեքենայից և դուրս եկավ փողոց, հույս ունենալով (թեև արդեն ուշ գիշեր էր), որ կգտնվի մեկը, ով կհամաձայնվի իրեն տանել արդեն իր բնակարան։ Սակայն, գրեթե ոչ ոք կանգ չէր առնում, իսկ նրանք, ովքեր ի վերջո կանգնում էին, մի ակնթարթ նայելով Մեսրոպին, շարունակում էին իրենց ճանապարհը։
Լուսադեմ էր։ Արդեն երկար ժամանակ էր, ինչ Մեսրոպը քայլում էր։ Նա միայն առաջ էր նայում` հույս ունենալով, որ հեռվից կտեսնի իր բնակարանի շենքի ուրվագիծը։ Սակայն նրա տեսած ուրվագիծը բոլորովին այլ` ավերակի ուրվագիծ էր, երբ նա տեղ հասավ։

Оставьте комментарий